«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նորմալ է գնահատում, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում այսօր անցկացվող քաղաքապետի ընտրություններին մասնակցում են միայն «Հայաստանի Հանրապետական կուսակցության» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուները:
«Մնացածն արդեն ընտրությունները ցույց կտան, բայց այն, որ իշխանությունը, ինչպես միշտ, օգտագործում է վարչական ռեսուրսն անխնա ձևով, կարծում եմ՝ ակնհայտ է, և ինչպես համապետական մակարդակում, այնպես էլ ՏԻՄ մակարդակում մենք դեռ շատ հեռու ենք նորմալ ընտրություններից »,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ընտրություններին մասնակցող երկու քաղաքական ուժերի կողմից որոշակի խախտումներ թույլ տալու մասին տեղեկություններն Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանեց. «Ես կածում եմ՝ իշխանությունները բոլոր լծակներն ունեն խախտումները ոչ միայն արձանագրելու, այլև պատժելու համար, եթե նման բան է եղել և չեն արել, ուղղակի ընդամենը հանցակից են»:
Նրա խոսքով՝ այս դեպքում իշխող կուսակցության թեկնածուի հնարավորություններն ու գործողությունները միգուցե կրկնում է նաև ԲՀԿ-ն, բայց եթե խախտման փաստ կա, ապա իշխանությունները կարող են համապատասխան քայլեր ձեռնարկել:
Թե ինչպես կավարտվեն ընտրությունները, «Ժառանգության» փոխնախագահը չկանխատեսեց և ավելացրեց. «Ես ինչքան հասկացել եմ քարոզարշավից, կենաց մահու կռիվ է հիմա ՀՀԿ-ն իրականացնում բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ՏԻՄ մակարդակի ընտրություններում»:
Նշենք, որ ընտրություններին մասնակցում են երկու թեկնածուներ՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» անդամ Հայկ Հայկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բարսեղյանը: