Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պարզաբանեց, թե ինչու էին նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հեղափոխության ընթացքում ինքն ու Ռուբեն Հայրապետյանը գտնվում Ազատության հրապարակում: Ըստ պատգամավորի' իրենք այնտեղ պատահաբար են հայտնվել, և հեղափոխություն չեն ուզեցել անել, պարզապես նստած են եղել կողքի սրճարանում:
Վերջինս նաև անդրադարձավ Փակ շուկայի մոտ «Նախախորհրդարանի» կազմակերպած ակցիաներին «Ես «Նախախորհրադարանի» անդամներից շնորհակալություն եմ հայտնում՝ Ժիրայր Սեֆիլյանին, Խզմալյանին, որ իրանք լավ ակցիա արեցին մեր Սիթիների համար, մենք գովազդին պետք է մոտ 20 մլն փող տայինք, այդ 20 մլն-ը տնտեսեցինք և տալիս ենք ուսանող երեխեքին»,-ասաց նա։
Սամվել Ալեքսանյանի խոսքով' կարմիր գլխարկավորներն իր կողմակիցները չեն, ինքն ակցիայի հետ կապ չունի և ոչ ոքի էլ դրա համար գումար չի վճարում։ Խնդրեց ակցիային վերաբերող հարցերն ուղղել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին, ով այս օրերին դարձել է պատգամավորի կողմնակիցը։ Հարցին, թե ինչքան է վճարում Սուրենյանցին, պատասխանեց, որ ակցիայի համար չի վճարում, բայց եթե մի հարցով դիմում է, օգնում է. «Էշերը ինչ կապ ունեն մեզ հետ, դեղին գլխարկներին հարցրե'ք»,- պատասխանեց այն դիտարկմանը, թե արդյոք իր համար վիրավորական չէր, որ ավանակների ակցիա էին կազմակերպել իր համակիրները, և պնդեց, որ ինքը շուկայի վերակառուցմամբ այն փրկել է «կռիսանոցներից»:
Տեղեկացրեց նաև, որ այդ ընթացքում ինքը Դուբայում հանգստանալու էր գնացել. իր հետ սկզբում եղել է Սամվել Կարապետյանը, այնուհետև իրենց է միացել Գագիկ Ծառուկյանը: Փաստորեն, մամուլում տարածված տեղեկությունները հաստատվեցին։