Ամփոփվել է Արա Զոհրաբյանի Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի շրջանականերում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի փաստաբանների հետ: Արա Զոհրաբյանը ներկայացրել պալատի կառուցվածքը, անդամների թիվը, պալատի կազմում գործող ստորաբաժանումները և նրանց գործառույթները:

 


Ըստ Արա Զոհրաբյանի, այցը ճանաչողական է և հետապնդում է երկու հայկական հանրապետությունների փաստաբանների միջև առաջացած խնդիրների համատեղ լուծման ճանապարհների որոնումը: Հայաստանի փաստաբանների պալատի նախագահը ամփոփել է ավելի վաղ տեղի ունեցած հանդիպումները Նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի և Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի հետ: Արա Զոհրաբյանը նշել է, որ վարչապետի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է փաստաբանների պալատի շենքային պայմանների բարելավման խնդիրը, որը Արա Հարությունյանը խոստացել է լուծել: Սա, ըստ Արա Զոհրաբյանի, կհանգեցնի Արցախի փաստաբանների պալատի արդյունավետ աշխատանքին: ՙՓաստաբաններին հարգում են իրենց վարքագծով՝ այսինքն գնահատվում է փաստաբանի վատ կամ լավ աշխատանքը: Այդ տեսակետից ցանկանում ենք Հայաստանի փաստաբանների հաջողված փորձը փոխանցել ձեզ, որպեսզի հնարավոր լինի ունենալ լավ փաստաբանական ինստիտուտ՚,-նշել է Արա Զոհրաբյանը, ով սեփական փորձով ներկայացրել է հանրության մեջ փաստաբանի՝ որպես միջնորդ ներկայանալու կարծրատիպը կոտրելուն ուղղված աշխատանքները: ՙՓաստաբանի ընկալումը պետք է լինի որպես հասարակության կողմից բարձր իրավագիտակցություն ունեցող անձի, որն իր գիտելիքների միջոցով է իրավական օգնություն ցույց տալիս, այլ ոչ թե հանդիսանում է միջնորդ՚,- արձանագրել է փաստաբանների պալատի նախագահը՝ հայտնելով, այդ ճանապարհով որոշ փաստաբաններ մի քանի տարի զրկված են եղել փաստաբանական ծառայություններ մատուցելուց, սակայն այժմ այդ կարծրատիպը Հայաստանում որոշակի առումով կոտրվել է: Հղում տալով ՙփաստաբանի վարքագծի կանոնագրքին՚՝ Արա Զոհրաբյանը հայտնել է նաև, որ այն փաստաբանը, ով վստահորդի հետ պայմանագրում նշում է, որ ՙգործը երաշխավորված է՚ զրկվում է փաստաբանի արտոնագրից:

 


Արա Զոհրաբյանը Արցախում փաստաբանների գիտելիքի բարձրացման նպատակով ներկայացրել է հեռավար կրթության ծրագիրն իրականացնելու ցանկությունը: ՓՊ նախագահը հայտնել է նաև, որ նախատեսում են զորամասերում զինվորների համարդասընթացներ կազմակերպել ՙԶինվորի իրավունքները և պարտականությունները՚ և ՙփաստաբանիդերը և նշանակությունը՚ թեմաներով: Զորամասերում իրականացվող իրավագիտակցության բարձրացմանն ուղղված այս ծրագրի ընթացքում պետք է ներգրավեն նաև Արցախի փաստաբանները:

 


Ավարտին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը խոստացել է կայքի նախագիծ նվիրել Լեռնային Ղարաբաղի փաստաբանների պալատին, իսկ Փաստաբանական դպրոցի և պալատի անունից ԼՂՀ փաստաբանների պալատին հանձնել է համակարգիչ:

 


***

 


Նոյեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ամփոփելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելությունը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումներին բոլոր պայմանավորվածությունների ուղղություններով աշխատանքներ ծավալել և պարբերաբար զեկուցել դրանց ընթացքի մասին: