Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին' խնդրելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Գասպարյանին ուղղված նամակում Բաղդասարյանը ներկայացրել է հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարող Կոտայքի մարզի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից թույլ տված խախտումները: Մասնավորապես, ինչպես նշեց Նիկոլայ Բաղդասարյանը, նոյեմբերի 5-ին քննիչ Հայկ Հակոբյանի կողմից որոշում է ընդունվել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին, սակայն այդ օրը Վարդան Պետրոսյանը չի ձերբակալվել:
Ավելին, նոյեմբերի 6-ին ժամը 15:30-ին ավագ քննիչ Հայկ Հակոբյանը կազմել է ձերբակալման արձանագրություն, համաձայն որի. «Վարդան Պետրոսյանը (…) ձերբակալվել է: Ձերբակալված Վարդան Պետրոսյանը հանձնվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ՁՊՎ' նրան սահմանված կարգով արգելանքի տակ պահելու համար: Վարդան Պետրոսյանի ձերբակալման մասին 094-457-999 հեռախոսահամարով հայտնվել է նրա քույր' Աշխեն Պետրոսյանին»: Նույն արձանագրության համաձայն Վարդան Պետրոսյանին ձերբակալել են 06.11.2013թ. ժամը 15:00-ին»: «Իրականում ՀՀ ոստիկանության քննիչ Հայկ Հակոբյանը չի եղել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու ժամանակ: Վարդան Պետրոսյանը չի հանձնվել Նաիրիի քննչական բաժանմունք, Վարդան Պետրոսյանի քրոջ Աշխեն Պետրոսյանի հետ Հայկ Հակոբյանը ընդհանրապես չի խոսել», -հայտնեց պարոն Բաղդասարյանը:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: