ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ հայտարարությունների ժամին շեշտեց, որ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ում օրենսդիր իշխանությունն իրականացնում է ԱԺ-ն, սակայն փորձը ցույց է տալիս, որ գործադիրը ԱԺ-ի թողտվությամբ յուրացրել է օրենսդիր իշխանության մի ստվար հատված, և ինքն է թելադրում խաղի կանոնները։ Գրում է Tert.am-ը:

 

«Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը»: Այս նորմից հետևում է նաև, որ օրենսդիր իշխանության իրականացումը ԱԺ-ի բացառիկ լիազորությունն է: Ուստի արգելված է վերջինիս պատվիրակումը որևէ այլ մարմնի: Վկայակոչված նորմից բխում է, որ ԱԺ-ն ոչ միայն օրենքներ ընդունող, այլև օրենսդրական քաղաքականություն մշակող, այն կյանքի կոչող միակ պետական մարմինն է»,- ասաց նա։

 

Ջհանգիրյանը վկայակոչելով ԱԺ մոնիթորինգի կողմից անցկացված ուսումնասիրությունը, նշեց, որ ԱԺ-ի նախորդ գումարման համեմատ, հինգերորդ գումարման անցած նստաշրջանների ընթացքում ընդունված պատգամավորական օրենսդրական նախաձեռնությունների բաժինը զգալիորեն աճել է՝ մոտ 13%-ով, բայց, այնուամենայնիվ, ընդունված օրենքների մեջ կառավարության նախաձեռնությունները բացարձակ մեծ է: Նա շեշտեց, թե սա զուտ քանակական առումով:

 

«Վիճակն առավել մտահոգիչ է նախաձեռնությունների բովանդակային, որակական գնահատման պարագայում: Պատգամավորների հեղինակած նախագծերը մեկ-երկու բացառությամբ, որպես կանոն, ոչ մեծ ծավալի, մեծ մասամբ խմբագրական բնույթի այս կամ այն օրենքում փոփոխությունների առաջարկներ են, որոնք կարգավորման հարաբերությունների վրա էական ազդեցություն չեն գործում: Փաստորեն, օրինաստեղծ ողջ աշխատանքը՝ սկսած իրավական կարգավորման առաջնահերթությունների սահմանումից, ոլորտների բարեփոխումների հայեցակարգերի մշակումից մինչև հիմնարար օրենքների և օրենսգրքերի նախագծերի պատրաստում, իրականացնում է գործադիր իշխանությունը»,- նշեց նա:

 

Շարունակությունն` այստեղ: