ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի`որքան էլ նախագահը ցանկանար պահպանել այս կառավարությունը, ստիպված է լինելու ցրել այն: Նկատի ունենալով հաջորդ տարվա կենսաթոշակային փոփոխությունները, համախառն կուտակումը ՀՆԱ-ում լինում է 21-23%: 

 

«3-4 ամսից սա կերևա, որքան էլ փորձեն նկարել: 2014-ին կատարյալ ձախողում է սպասվում, որևէ ձևով կառավարությունը չի կարողացել ցուցադրել, թե ինչ ձևով է գեներացնելու 5% տնտեսական աճը: Խնայողություններն իջնում են, կուտակումներն իջնում են, կուտակումների սահմանային արտադրողականությունն իջնում է: Այս տարի կփորձեն աճը 4% ձգել, որովհետև Տիգրան Սարգսյանի համար լինել-չլինելու հարց է: Տնտեսական աճը կլինի իրականում 2-2.5%, բայց եթե 4% էլ նկարեն (անցած տարի էլ 3.8%-ի փոխարեն 7.2% նկարեցին), կստացվի՝ 4.9% փուչիկ ունեն, որ կփորձեն հանել մյուս տարի: Վիճակագրական ամբողջ միֆը փլվեց, թե կոնկրետ որտեղ ոնց են խաբում: Եվ նույն ՀՀԿ-ից մոտենում ու ասում են՝ շատ էլ ճիշտ եք ասում»,-ասել է Հրանտ Բագրատյանը:

 

««Բյուջեի մասին» ՀՀ օրենքը և դրա հավելվածները 989 էջ է, որոնցից 6 տող է միայն եկամուտներին վերաբերվում: Այսինքն, օրենքով բյուջեի եկամուտները չեն հաստատվում, իսկ դա նշանակում է, որ հարկայինը ստանում է մեկ թիվ՝ 1 տրիլիոն 184 մլրդ, և ոնց ուզում է, պետք է հավաքի»,-ասել է նա և ավելացրել. «Մինչդեռ Սահմանադրությամբ պետք է հարկայինին ցույց տրվի տնտեսական աճի ոլորտները, հարկերի տեսակները և ասվի, թե որտեղից ինչքան է հավաքելու»:

 

Հրանտ Բագրատյանը նաև ասել է, որ ամբողջ տեղական ինքնակառավարման ծախսերը 110 մլրդ են, որից գույքահարկն ու հողի հարկը 25 մլրդ դրամ է, 80%-ը ստացվում է Երևանից: Սահմանադրությամբ ՏԻՄ-ին պետք է տալ իր և եկամտահարկի ու շահութահարկի մի մասը:

 

«Ինչպե՞ս կարող է ՏԻՄ լինել առանց փողի, փողն է քաղաքական դեմոկրատիայի հիմքը»,- եզրափակել է պատգամավորը: