ՀՀ փաստաբանների պալատը Յուրի Վարդանյանի որդու նոր փաստաբանի' Վահան Հայրապետյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել' զանգվածային հրապարակման հիման վրա: Հիշեցնենք, որ Վարդանյանի որդուն' Դավիթ Վարդանյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը և թմրամիջոցների մաքսանենգությունը:

 

Հայրապետյանը օրեր առաջ News.am-ին հարցազրույց է տվել, որտեղ առկա է նրա խոսքից հետևյալ մեջբերումը «...Իսկ թե որ մասով է նա ընդունել մեղքը, փաստաբանն առայժմ չհայտնեց՝ հավելելով, որ դեռ քննիչի մոտ լրացուցիչ հարցաքննություն չեն կազմակերպել, երբ կլինի, կասի․․․Չգիտեմ՝ ինչն է նա ընդունել, իմ կարծիքով՝ կարող է ասի՝ էս ղալաթը արել եմ, ձեռք եմ բերել, ուրիշ բաներ չեմ արել»:
Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը թմրանյութ ձեռք էր բերել Սյունիքում իր օգտագործման նպատակով: Իսկ թե ինչ քանակությամբ թմրանյութ էր ձեռք բերել, Վահան Հայրապետյանը չհայտնեց՝ համարելով նախաքննական գաղտնիք....»։

 

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են' պետական, տեղական ինքնակառավարման և ոչ պետական մարմինների, ինչպես նաև այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները։ Փաստաբանների պալատի լրատվական ծառայության պետ Հայկ Հակոբյանը Newsbook.am-ին ասաց, որ պալատի նախագահը գտել է, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը հաստատվելու դեպքում փաստաբան Վահան Հայրապետյանի վարքագիծն առերևույթ կհակասի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի և Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.5.3 կետի պահանջներին․ այն է՝ փաստաբանը պարտավոր է չկատարել վստահորդի շահերին հակասող որևէ գործողություն, չընդունել դիրքորոշում՝ առանց նրա հետ համաձայնեցնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը համոզված է պաշտպանյալի (վստահորդի) ինքնազրպարտության մեջ, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ չընդունել դեպքի հետ նրա առնչությունը և մեղավորությունը, ինչպես նաև իրավունք չունի դրդել կամ համոզել նրան իրեն մեղավոր ճանաչել:

 

ՓՊ նախագահի որոշման պատճառաբանական մասում նշվել է՝ «Հրապարակումից հետևում է, որ փաստաբան Վահան Հայրապետյանը տեղյակ չէ, թե ինչ է ընդունել իր վստահորդը, սակայն միևնույն ժամանակ փաստաբան Վահան Հայրապետյանն ընդունում է թմրանյութ ձեռք բերելու արարքի կապակցությամբ իր վստահորդի առնչությունը։ Այս պարագայում, ըստ հրապարակման համատեքստի, ստացվում է, որ Վահան Հայրապետյանը, չունենալով իր վստահորդի համաձայնությունը, ընդունել է նրա առնչությունը հնարավոր հանցագործության կատարման մեջ Սակայն Հակոբյանը տեղեկացնում է, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում' ՓՊ խորհրդի համապատասխան որոշմամբ:

 

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի գործով նրա առաջին պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը ևս խնդիրներ էր ունեցել նրա պաշտպանության ընթացքում, քանի որ հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ վերջինս լավ չի տիրապետում հայերենին: Դրանից հետո Դավիթ Վարդանյանը հրաժարվել էր Սաֆարյանի պաշտպանությունից:Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Վարդանյանի որդու երկու փաստաբաններն էլ «պատմության» մեջ ընկան, Հակոբյանը պատասխանեց, որ պետք չէ քաղաքաքականացնել երևույթը: