Եգիպտոսի հայտնի Քեոփսի բուրգը «թալանել» են արտասահմանցի մասնագետները. այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Իբրահիմը՝ նախօրեին Կահիրեում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, գրում է ИТАР-ТАСС-ը։
Նրա խոսքով՝ «երկրում աշխատող գերմանացի հետազոտողների խումբը Քեոփսի բուրգի խցերից մեկից դուրս է բերել մի շարք արժեքավոր հնագույն իրեր»։
Նրանք մեղադրվում են արժեքավոր իրեր գողանալու, ինչպես նաև արվեստի գործերի մաքսանենգության համար։
Եգիպտոսի հնագույն իրերի խորհրդի ղեկավար Մուստաֆա Ամինը հայտնել է, որ իր գերատեսչությունը «պաշտոնական հարցում է ուղարկել Ինտերպոլ, ինչպես նաև Եգիպտոսում Գերմանիայի դեսպանատուն՝ պահանջելով պարզել միջադեպը, գտնել մեղավորներին և հանձնել նրանց»։
Նրա խոսքով՝ գողացված իրերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում, և դրանք գողանալը միջազգային հանցագործություն է։