ՀՀ առողջապահության նախարարությունը տարածել է հաղորդագրություն «Մեկ տարեկան երեխան մահացել է պատվաստումից հետո» հոդվածի վերաբերյալ:
«www.galatv.am լրատվամիջոցում տեղ գտած «Մեկ տարեկան երեխան մահացել է պատվաստումից հետո» հոդվածում տեղ են գտել մի շարք անճշտություններ, որոնց անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ:
Հոդվածագիրը միակողմանի է մեկնաբանել դեպքը և հաշվի չի առել հիվանդության պատմության մանրամասները' կասկածի տակ դնելով երեխայի պատշաճ հսկողության և վարման գործընթացները: Անաչառ և անկողմնակալ լուսաբանելու համար շատ կարևոր է լսել նաև դեպքի մանրամասները, առողջապահության ոլորտի մասնագետների տեսակետները և դիտարկումները: Կրկին անտեսվում է բժշկի պաշտպանվածությունը, դրանով իսկ նպաստելով քաղաքացի-բժիշկ անհրաժեշտ կապի խզմանը, ինչպես նաև անվստահության մթնոլորտի ձևավորմանը:
Հորդորում ենք լրագրողներին, որ առողջապահության ոլորտի գերակա ուղղությունները և ազգային անվտանգություն ներկայացնող հարցերը' ինչպիսին է կանխարգելիչ պատվաստումների բնագավառը, լուսաբանելուց առաջ լուրջ հետաքննություն իրականացնեն և խուսափեն անհիմն գնահատականներից ու եզրակացություններից:
Ներկայացնում ենք մանրամասներ Մերի Սարգսյանի հիվանդության պատմությունից:
Երեխային կատարված պատվաստումն առաջինը չի եղել: Ծնվել է 2012 թվականի հոկտեմբերի 29-ին: Ծննդատանը կատարվել է հեպատիտ Բ-ի և տուբերկուլոզի դեմ (ՎՀԲ և ԲՑԺ) պատվաստումները: Երեխայի հետագա աճն ու զարգացումն ընթացել են տարիքային նորմատիվներին համապատասխան: Հիվանդությունների սուր ընթացքում երեխայի կանխարգելիչ պատվաստումները (հնգավալենտ և պոլիոմիելիտ) հետաձգվել են, առաջին և երկրորդ դեղաչափերը կատարվել են ուշացումներով, համապատասխանաբար' 10.04.2013 և 18.06.2013: Հետպատվաստումային շրջանում կողմնակի ռեակցիաներ չեն գրանցվել:
Չնայած հոդվածում շեշտվում է. «Ցանկացած նորմալ երկրում այդ տարիքի երեխային գոնե մեկ անգամ նորմալ հետազոտում են, նոր պատվաստում... Չէ՞ որ պատվաստելիս արդեն իսկ արհեստականորեն հիվանդացնում են, լիակատար առողջ պիտի լինի մարդը» պետք է նշել, որ երեխան 9 ամսականում ենթարկվել է մանրամասն կանխարգելիչ զննումների, արդյունքում' երեխայի մոտ շեղումներ չեն հայտնաբերվել և գնահատվել է առողջ: Ինչ վերաբերում է երեխայի բարեկամուհու խոսքերին, որ պատվաստման միջոցով արհեստականորեն երեխային հիվանդացնում են, ապա տեղին է նշել, որ լրագրողի կողմից լիարժեք լուսաբանելու ցանկության դեպքում պետք է նշվեր նաև մասնագիտական տեսակետը: Այն է' պատվաստման արդյունքում երեխան արհեստականորեն չի հիվանդանում: Պատվաստումը միայն դրդում է կոնկրետ հիվանդության դեմ պաշտպանիչ հակամարմինների առաջացումը:
«Հերթական անգամ էլ, որ զանգել են, նույնն է ասել, թե հնարավո՞ր է՝ օրգանիզմը թույլ լինի: Բժշկական կենտրոնից ասել են՝ դուք բերեք, մենք կպարզենք ու պատվաստել են». այս առումով տեղեկացնենք, որ պատվաստումների գործընթացի վերաբերյալ կանոնակարգերի համաձայն, երեխան հրավիրվում է պոլիկլինիկա և պատվաստումը կատարվում է միայն առողջական վիճակը գնահատելուց հետո:
Տվյալ դեպքում հոկտեմբերի 31-ին տեղամասային մանկաբույժը Մերի Սարգսյանին հրավիրել է հնգավալենտ և պոլիոմիելիտ պատվաստումների հերթական վերջին դեղաչափը ստանալու համար: Պատվաստումից առաջ երեխային կատարվել է քաշի և հասակի որոշում, ջերմաչափում, կոկորդի զննում և թոքերի լսում: Երեխայի վիճակը գնահատվել է առողջ և թույլատրվել է կատարել պատվաստումը: Նոյեմբերի 4-ին տեղամասային բուժքույրը հեռախոսազանգով ճշտել է երեխայի հետպատվաստումային շրջանի մասին, քանի որ, համաձայն գործող չափորոշչի, երրորդ օրը երեխայի առողջական վիճակի մասին պարտադիր գրանցում է կատարվում: Տատիկի տեղեկացմամբ պատվաստման առաջին օրը (1 օր) երեխան թեթև ջերմել է, որից հետո երեխայի ինքնազգացողությունը լավացել է:
Արդեն իսկ պարզ է, որ երեխայի մահը վրա չի հասել պատվաստումից անմիջապես հետո, ինչպես նշվում է հոդվածում:
Երեխայի մոտ նոյեմբերի 6-ին' պատվաստումից հետո 6-րդ օրը ջերմությունը կտրուկ բարձրացել է: Նշվածը միանգամայն կապ չունի տվյալ պատվաստման հետ և կարող էր վարակիչ հիվանդության սուր սկիզբ լինել:
Երեխայի ջերմության կապակցությամբ ծնողները դիմել են իրենց ծանոթ բժշկին, ով խորհուրդ է տվել տալ ջերմիջեցնողներ և հրավիրել է իր մոտ հաջորդ օրը, ժամը 15.00-ին: Մինչդեռ հոդվածում նշվածը վերագրվում է տեղամասային մանկաբույժին: Դեպքի մանրամասներին տեղամասային մանկաբույժը տեղեկացել է նոյեմբերի 8-ին' տատիկի զանգից:
Երեխայի վիճակը կտրուկ վատացել է, և նոյեմբերի 7-ին ծնողները տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ըստ վերակենդանացման բաժանմունքի վարիչի' ընդունման պահին երեխայի մոտ դիտվել են ցնցումներ' սուր սկզբով բարձր ջերմության ֆոնի վրա, երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր և ախտորոշվել է երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ: Ժամանակային առումով երեխայի մոտ սուր սկզբով թոքաբորբի զարգացումը, որը խիստ բնորոշ է նշած տարիքին, համընկել է պատվաստման 7-8 օրվան և ապացուցողական բժշկության տվյալներով բացառվում է պատվաստման արդյունքում թոքաբորբի առաջացման պատճառահետևանքային կապը»: