Կահիրեն Թուրքիայի դեսպանին հայտարարել է «ոչ ցանկալի անձ» և խնդրել նրան հեռանալ Եգիպտոսից: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բադր Աբդել Աթին: Բացի այդ, նրա խոսքով՝ Եգիպտոսը վերջնականապես հետ է կանչում իր դեսպանին Թուրքիայից և իջեցնում Անկարայում Եգիպտոսի դիվանավիտական առաքելության մակարդակը մինչև ժամանակավոր լիազոր:
Եգիպտոսի դիվանագիտական առաքելության ղեկավարը դեռ օգոստոսի 15-ին կանչվել էր Եգիպտոս խորհրդակցության համար, որից հետո այդպես էլ չէր վերադարձել իր պարտականություններին:
Անկարան ավելի վաղ բազմիցս հանդես էր գալիս Եգիպտոսի նոր զինվորական իշխանությունների քննադատությամբ: Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ «պետության ընտրված ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարի» տապալումը հակասում է օրենքին և վնաս է հասցնում երկրին, նրա տնտեսությանը և ժողովրդավարական սկզբունքներին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անգամ պնդում էր, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու Եգիպտոսում առաջացած իրավիճակը:
Այս հանգամանքն առաջացրել էր Եգիպտոսի իշխանությունների և եգիպտացիների խիստ դժգոհությունը: Պաշտոնական Կահիրեն բազմիցս կոչ էր արել Անկարային «չմիջամտել Եգիպտոսի ներքին գործերին և հարգել եգիպտացի ժողովդի կամքը»: