Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մայրը դիմում-բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ստորև ներկայացնում ենք այն։

 

Ոսկևազ գյուղի բնակչուհի՝ Գայանե Ինջիղուլյանից՝ խնդրանք -դիմում
Հարգարժան պարոն նախագահ, Ձեզ դիմում է ձեր երկրի քաղաքացի, մի հայ մայր, հայ կին, ով ճակատագրի բերումով հայտնվել է անելանելի և սոսկալի իրավիճակում: Որդիս ՝ Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, որ ժամկետային զինծառայող է, գերեվարվել է ադրբեջանցիների կողմից 8:08 :2013 թ . և մինչ օրս գտնվում է գերության մեջ: Միայն որդիս չէ, որ գերի է, այլ մեր ողջ ընտանիքը, մեր հոգու անդորրը, վաղվա օրվա նկատմամբ մեր հավատը:

 

Թերևս կարիք չկա նկարագրելու մեր բոլորիս, բայց հատկապես իմ՝ Հակոբի մոր' հոգի ծվատող ապրումների ողջ ահավորությունը: Նշեմ, որ որդիս առողջական խնդիրներ ունի և նման պայմաններում այդ խնդիրները ավելի կծանրանան: Դուք էլ եք ծնող և պատկերացնում եք գերության մեջ գտնվող երեխայի համար ծնողի սիրտը ոնց կցավի: Գիտեմ, որ առանց այդ էլ և Պաշտպանության նախարարությունը և ողջ պետությունը ցանկություն ունի անելու առավելագույնը, բայց ես էլ մայր եմ, ում զավակը գտնվում է մահվան ու կյանքի սահմանագծին, ով տեղյակ է հակառակորդի վայրագ վարվելաոճին և ում համար սպասումը դարձել է դժոխային տանջանք:

 

Ես պատրաստ եմ սեփական կյանքով փրկագնել որդուս, ցավոք անհնար է: Հակոբի 80- ամյա տատիկի , մեր ընտանիքի բոլոր անդամների և անձամբ իմ անունից թախանձագին խնդրում եմ Ձեր բարձր հովանու տակ վերցնել այս խնդրի լուծումը:
Հակոբը միայն իմ որդին չէ, այլ հոժար կամքով հայկական բանակը համալրած զինվոր, որն իր կյանքը վստահել է պետությանը: Վստահ գիտեմ, որ գերեվարված զինվորի մոր արյուն արցունքը անտարբեր չի թողնի ձեզ: Երկնքում աստծուն ենք ապավինում, երկրի վրա ձեզ: Ավելի հեղինակավոր մեկին չենք ճանաչում: Հնարավորության դեպքում Ադրբեջանի նախագահի հետ ձեր առաջիկա հանդիպման ժամանակ խնդրում ենք արծարծել նաև այս հարցը:

 

Ձեր կենսագրության փառահեղ էջերին ծանոթ ենք, գիտենք, որ նախագահ լինելուց առաջ առաջին հերթին ձեր ազգի նվիրյալ զինվորն էք եղել, ուստի ավելի լավ կպատկերացնեք իրավիճակի ողջ սարսափը : Գերության մեջ է ձեր քաղաքացին , ձեր բանակի զինվորը, ձեր հայրենակիցը, որ կյանքի 22- րդ գարունը նոր է բոլորել , մի մատղաշ կյանք, որ այսօր ամենաշատը կարիք ունի օգնության: Գրիչս մայրական վիրավոր սրտի արյուն արցունքի մեջ եմ թաթախել, մեր վշտի մեջ մեզ միայնակ մի թողեք: Աստված զորավիգ լինի ձեզ: Ակնկալում ենք ձեր օգնությունը: