«Հայաստանի որոշումը միանալ Մաքսային Միությանը ռազմավարական կարևոր որոշում էր»,-այս մասին հայտարարել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահ Վիլեն Խլղաթյանը, ով ելույթ-դասախոսությամբ է հանդես եկել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում (IWP):

 

Լեհական հետազոտությունների «Kosciuszko» կենտրոնի աջակցությամբ կազմակերպված այս միջոցառմանը ներկա են գտնվել դիվանագետներ, ակադեմիական, հետազոտական համայնքի ներկայացուցիչներ և միջազգային հարաբերությունների մասնագետներ:

 

Ելույթը նվիրված էր Ուկրաինայի երկընտրանքին՝ ստորագրել Ասոցացման համաձայնագիր Եվրոպական Միության հետ, թե միանալ Ռուսաստանի կողմից նախաձեռնված Մաքսային Միությանը, և Հայաստանի սեպտեմբերին կայացված որոշմանը՝ միանալու Մաքսային Միությանը:

 

Խլղաթյանը խոսել է Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետևանքների մասին, մասնավորապես, թե ինչպես այն կանդրադառնա երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ Կիևի հարաբերությունների վերահավասարակշռմանը, եթե Ուկրաիան որոշի գնալ Բրյուսելի, այլ ոչ թե Մոսկվայի ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Ասոցացման համաձայնագրի հիմնարար սկզբունքներին, հատկապես այն պահանջներին, որ դրված են Յանուկովիչի վարչակազմի առաջ, և Ուկրաինայի անորոշությանը՝ լիարժեքորեն հանձնառելու ինտեգրացիայի եվրոպական կուրսը: Խոսվել է նաև Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի նոյեմբերի սկզբներին կայացած հանդիպման մասին դրա գաղտնի բովանդակության տեսանկյունից և այն մեծ հավանականության մասին, որ նախագահ Պուտինը խոշոր ներդրումային առաջարկություններ է խոստացել Կիևին՝ առաջիկայում Վիլնյուսի գագաթաժողովին Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու դիմաց:

 

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահի ելույթի մյուս մասը նվիրված էր պաշտոնական Երևանի կողմից ընդունված ռազմավարական որոշմանը' հրաժարվելու Ասոցացման համաձայնագրի համար անհրաժեշտ ԵՄ-ի հետ երեքամյա բանակցություններից և փոխարենը միանալու Մաքսային Միությանը, որը հիմնված է՝ կերպափոխվելու Եվրասիական Միության 2015թ.-ին. ինչպես է Հայաստանի այս որոշումը նշանավորում Հայաստանի մոտ 20 տարվա արտաքին քաղաքականության կոմպլիմենտարության ռազմավարության ավարտական փուլը, և ինչու էր այդ քաղաքականությունն այլևս դարձել ոչ կենսունակ: Խլղաթյանն ավարտել է ելույթը հնարավոր տարբերակներ առաջարկությամբ, որ Հայաստանի Կառավարությունը կարող է հետապնդել իր արտաքին քաղաքականության մեջ:

 

Ելույթի տեսանյութն այստեղ.