Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 27-ին ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, ով մեղադրվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, նա կարդացել է իր ցուցմունքը, որ նախօրոք շարադրել էր թղթի վրա:
«…Եթե ես որեւէ տեղեկություն ունենայի Կարեն Եսայանի սպանության մասին, ապա այդ մասին վաղուց դեռեւս 12.04.12թ. ցուցմունք տված կլինեի, քանի որ ես ենթարկվել եմ դաժան, աննկարագրելի ծեծի ինչպես Գյումրիի ոստիկանությունում, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, այնպես էլ Երեւանում ձերբակալվածներին պահելու վայրում: 2012թ. ապրիլի 12-ին ոստիկանության աշխատակիցների կողմից ինձ ծեծի
ենթարկելու փաստի մասին ասեմ, որ 04.12.2012 թվականին, ժամը հստակ հիշել չեմ կարողանում, բայց մոտավոր կլիներ 15:00-ից հետո, ես ու հայրս գնացինք ոստիկանության Գյումրու բաժին, որովհետեւ ոստիկան Հրայր Քալաշյանը եկել էր մեր տուն ու հորս կանչել էր ոստիկանություն: Հորս ճնշումը բարձր էր, այդ պատճառով էլ ես նրա հետ միասին գնացի ոստիկանություն: Ոստիկանության աշխատասենյակներից մեկում կային չորսից հինգ հոգի: Նրանցից մեկը ներկայացավ պետի տեղակալ, որի անունը հիշում էի՝ Արսեն էր, սակայն ազգանունը չեմ հիշում: Նախկինում ճանաչում էի նրան: Արսենը սկսեց հարցեր տալ հորս եւ ինձ, թե այդ օրը ինչ ենք արել, որտեղ ենք եղել, արդյոք ճանաչում ենք սենյակում գտնվողներին: Ներկաներից մեկը հետագայում իմացա, որ Կարեն Եսայանի հայրն էր: Նա եւս հարցեր էր տալիս: Իմ պատասխանները լսելով՝ հասկացավ, որ ես իր տղայի հետ առնչություն չունեմ եւ հեռացավ ոստիկանությունից: Դրանից հետո ինձ տարան այլ սենյակ, որը եթե չեմ սխալվում, նույն հարկի վրա էր: Ինձ այդ սենյակում հարցնում էին, թե ես կապ ունե՞մ քաղաքապետի աղջկա ու Կարեն Եսայանի հետ: Բավական ուշ էր, երբ սենյակ եկան 7- 8 դիմակավորված անձինք: Նրանց հետ ներս մտավ նաեւ Գյումրու մարզային վարչության պետի տեղակալը, ով ապրում էր Ազատան գյուղում: Հետագայում իմացա, որ այդ անձը Վահրամ Ենգոյանն էր: Նա սկսեց ինձ հարցեր տալ, թե ով է սպանել Կարեն Եսայանին: Պատասխանեցի, որ չեմ ճանաչում նրան եւ այդ սպանության մասին տեղյակ չեմ: Նման պատասխան լսելուց հետո ազատանցին բռունցքներով հարվածեց ինձ ու հայհոյեց: Հարվածներ էր հասցնում երիկամներիս, հետո մի անգամ էլ խփեց ձախ ականջիս: Դրանից հետո ընկա գետնին, վերցրեց ռետինե սեւ մահակ ու հարվածեց ոտքերիս: Ամբողջ ծեծի ընթացքում հայհոյում էր ու հրամայում, որ սատկացնեն ինձ: Հետո դիմակավորվածները սկսեցին հարվածել ինձ, թե մարմնիս որ հատվածին էին խփում, չեմ հիշում: Լավ հիշում եմ սենյակի հոսանքի բաց լարերը, ու որ կոչումով գնդապետը ամեն անգամ ասում էր' լարերից հեռու պահեք: Ծեծից հետո ինձ հարցաքննեց քննիչ Խաչիկ Հայրապետյանը: Նրան տված ցուցմունքում նշված շատ հանգամանքներ իրականությանը չեն համապատասխանում: Ընթացքում եկավ Կարեն Բաբակեխյանը, հարցեր տվեց սպանության կապակցությամբ: Ուշ էր արդեն, Բաբակեխյանը հրահանգեց ինձ տանեն մարզային վարչության իր սենյակ: Լավ հիշում եմ՝ վարչություն գնացինք նրա «Տոյոտա Կորոլա» 010 ՈՍ 09 համարի մեքենայով:
Սենյակ եկան Բաբակեխյանը, Վահրամ Ենգոյանը, 2 քաղաքացիական հագուստով մարդիկ: Դրանցից մեկին չեմ հիշում, բայց մյուսին հետո իմացա, որ քրեական հետախուզության պետ Աշոտ Կարապետյանն էր (Երեւանի ներկայիս ոստիկանապետըёՄ. Ք.): Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Այդ ժամանակ նա հրահանգեց, անունը լավ չեմ հիշում՝ Ազատ էր թե Արազ, որ աթոռ բերի: Նա փայտից աթոռ բերեց, բայց Բաբակեխյանը զայրացավ՝ ասելով, որ երկաթից աթոռ բերի: Ինձ պառկացրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետեւի մասով դեպի նստատեղը: Նրանցից մեկը' Վահրամ Ենգոյանը, հանեց կոշիկներս: Բաբակեխյանը ռետինի սեւ մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ու Ենգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ: Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբր ես եմ սպանել Կարենին: Ամենադաժան ծեծը ու մարմնական վնասվածքներիս մեծ մասը ստացել եմ այդ ժամանակ: Ծեծը այնքան ուժեղ էր, որ ուշագնաց եմ եղել: Ուշքի գալուց հետո տեսա՝ Բաբակեխյանը ջրի ամանով ջուր էր լցնում վրաս»,- պատմել է Հարություն Սարգսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում