ՌԴ մայրաքաղաքի Միությունների տան սյունազարդ դահլիճում կայացել է Մոսկվայում Երևանի օրերի գալա-համերգը, որին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Երեկոյի ընթացքում մոսկովյան արվեստասեր հասարակությունը հնարավորություն է ունեցել ունկնդրելու հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ինչպես դասական, այնպես էլ ջազային և էստրադային հայտնի ստեղծագործությունների կատարումներ' հայ երաժշտարվեստի սիրված ու ճանաչված ներկայացուցիչների կատարմամբ:
Ամբողջ երեկոյի ընթացքում արտիստներին նվագակցել և առանձին կատարումներով հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը' գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Հանդիսատեսը հատուկ ոգևորությամբ և ջերմությամբ է արձագանքել գալա համերգին ներկայացված Երևանի ու Հայաստանի մասին երգերի ընտրանուն: Իսկ արդեն համերգի ավարտին հատկապես ռուս հանդիսատեսները խոստովանել են, որ իսկապես հիացած են հայ կատարողների վարպետությամբ: