Մոսկվայում «Мирное будущее Южного Кавказа: общая история и современность» անվանումով միջոցառումների շարքը երեկ եզրափակվեց Ռուսաստանի Խաղաղության և համագործակցության պալատի դահլիճում անցկացված մրցանակաբաշխությամբ և հաղթողների պատվին կազմակերպված ճաշկերույթով: Լրագրողների մրցույթում հաղթող ճանաչված Հայաստանը ներկայացնող Վարուժան Բաբաջանյանն ու Վանիկ Էլիզբարյանը արժանացան մրցանակների: Իր ողջույնի խոսքում Վարուժան Բաբաջանյանը ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության հաստատման և կոնֆլիկտների արդարացի լուծման կողմնակիցն է:
''Ինձ համար գլխավոր մրցանակը ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման այս հաջողված փորձն է: Հարավային Կովկասի ժողովուրդների համար կարևոր է կայուն խաղաղության հաստատումը և որպես առաջին քայլ ես ծաղիկներ կնվիրեմ Ադրբեջանի ներկայացուցչուհուն'',- հայտարարեց նա և ծափահարությունների ներքո ծաղկեփունջ նվիրեց ադրբեջանական պատվիրակության անդամ Կամիլա Ալիևային:
Միջոցառման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Ռուսաստանի և Հարավային Կովկասի ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների միջև: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակները հանդիպումներ ունեցան նաև ՌԴ պետդումայի մի շարք պատգամավորների, հասարակական-քաղաքական շրջանակների, ինչպես նաև ռուսական երիտասարդական կառույցների ղեկավարների հետ: