Ժողովրդական նկարիչ, ժամանակակից հայկական մոնումենտալ քանդակագործության նշանավոր ներկայացուցիչներից մեկը' Նիկողայոս Նիկողոսյանը ծնվել է 1918թ. դեկտեմբերի 2-ին, Մեծ Շահրիար գյուղում (ՀՀ Արմավիրի մարզի Նաբանդյան գյուղ): 1947թ. ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը: 1944-ից բնակվում և ստեղծագործում է Մոսկվայում:

 

Նիկողայոս Նիկողոսյանը 1947 թ-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը: 1944թ. ապրում և ստեղծագործում է Մոսկվայում:
1940-ական թվականներին ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» մանրաքանդակների շարքը, «Չեմ ասի», «Վերջին խուրձը» թեմատիկ հաստոցային քանդակները: Նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես նույն շրջանում կերտած բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, դաշնակահար Կոնստանտին Իգումնովի և ուրիշների դիմաքանդակներում:

 

1950-ական թվականներին Նիկողոսյանի ստեղծագործության գերիշխող ժանրը դիմաքանդակն էր, որի առավել բնորոշ կողմերը բացահայտվել են 1960–70-ական թվականներին ստեղծած ժամանակակիցների կերպարներում: Լավագույն գործերից են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ռեժիսոր Եվգենի Սիմոնովի, քանդակագործ Արա Սարգսյանի, դերասան Սերգեյ Մարտինսոնի, կենսաբան Գուրգեն Ավետիսյանի դիմաքանդակները, որոնց առանձնահատուկ լիցք են հաղորդում նյութի դինամիկ մեկնաբանությունը, մոդելի ընկալման սրությունն ու պլաստիկությունը: Բարդ հոգեբանական նկարագիր ունեն Միքայել Նալբանդյանի և ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնի' կոմպոզիցիոն տարբեր լուծումներով կիսանդրիները:

 

Նիկողոսյանի արվեստում նշանակալի տեղ ունի մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործությունը: Երևանում հայտնի են Միքայել Ն. Նիկողոսյան. Նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի կիսանդրին (1951թ.) Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի և այլ հուշարձաններ: Արժեքավոր են նաև նրա ստեղծած շուրջ 30 (այդ թվում՝ ճարտարապետ Կարո Հալաբյանի) մահարձանները Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատանը:

 

Նիկողոսյանը ստեղծագործում է նաև հաստոցային գեղանկարչության («Վարդան Աճեմյանի դիմանկարը», 1974 թ., և այլն) ու գրաֆիկայի («Ինքնանկար կարմիր գլխարկով», 1977թ., և այլն) բնագավառներում:

 

Նիկողոսյանը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ է: Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1977 թ.), պարգևատրվել Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի (2008 թ.) և ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (2009թ.) շքանշաններով:

 

Նիկողոսյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Երևանում, Հելսինկիում, Բրյուսելում և այլուր: