Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պոտինի' պետական այցի ավարտից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունը ձեռնամուխ է եղել դրա ֆետիշացմանը' այցի բացառիկության, պատմական նշանակության մոտիվներով: Իրականում, սակայն, սա այց էր ոչ թե Հայաստանի Հանարպետություն, այլ ընդամենը սեփական ռազմակայան և բովանդակային ու արարողակարգային առումներով ոչ թե պետական էր, ինչպես նշվում էր, այլ սովորական աշախատանքային: Գրում է hetq.am-ը:
Պետական մակարդակով այցը ենթադրում էր, որ Պուտինն այն պետք է սկսեր ոչ թե Գյումրիից, այլ Երևանից, այն պարզունակ պատճառով, որ ոչ թե Գյումրին է Հայաստանի մայրաքաղաքը, այլ Երևանը: Այցը Գյումիրիից սկսելը ակնհայտորեն եղել է ռուսական կողմի սկզբունքային պայմանը, որին պաշտոնական Երևանը պարզապես չի կարողացել և չի համարձակվել հակառակվել' Պուտինի' օդ ու ջրի պես անհրաժեշտ այցը կասկածի տակ չդնելու և չձախողելու համար: Բոլոր դեպքերում ընտրելով հենց Գյումրիից այցն սկսելու տարբերակը' Պուտինը պարզորոշ ցուցադրել է իր անհարգալից վերաբերմունքը և արհամարհանքը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ ողջ հայ ժողովրդի և առաջին հերթին Հայաստանի ազգաբնակչության նկատմամբ: Նման իրավիճակներում սովորաբար ընդունող կողմը լինում է շատ ավելի սկզբունքային. առաջին հայացքից արարողակարգային մանրուքներ թվացող դետալները հաճախ շատ ավելի էական են լինում, քան նույնիսկ այցի նշանակությունն ու բովանդակությունը:
Այս տարվա օգոստոսին, օրինակ, ՌԴ նախագահը պլանավորել էր այսպես կոչված կասպյան տուր կատարել' այցելելով Կասպիցի ավազանի երկրներ: Իրանը, որտեղ նոր էին ավարտվել նախագահական ընտրությունները և նոր գործադիր իշխանություն էր ձևավորվել և որի համար ստատեգիական իմաստով չափազանց կարևոր էր Պուտինի այցը, մերժեց ընդունել ՌԴ նախագահին միայն այն պատճառով, որ վերջինս պնդում էր նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպել ոչ թե Թեհրանում, այլ Կասպից ծովի ափին' Բենդեր-Էնզելի նավահանգստում: Թեհրանը համարեց, որ դա վիրավորանք է թե իր, որպես պետության և թե դրա հոգևոր առաջնորդ, պետականության ու սուվերենության սիմվոլ հանդիսացող Այաթոլլա Ալի Խամենեի հանդեպ ու պարզապես խափանեց Պուտինի այդ այցը:
Իրավիճակը մեր դեպքում փոքր ինչ այլ է, իհարկե, որովհետև Պուտինը Երևան, այնուամենայնիվ ժամանեց: Սակայն դրանից խնդրի էությունը չփոխվեց. որովհետև եթե Իրանի դեպքում վիրավորականը Թեհրան չայցելելն էր, ապա Հայաստանի դեպքում՝ փաստացի Գյումրիում գտնվող իր ռազմակայանին ավելի մեծ նշանակություն տալը, քան Հայաստանին: Պուտինը հայ ժողովրդին ու նաև միջազգային հանրությանը պարզորոշ հասկացրեց, որ եկել է ոչ թե անկախ, սուվերեն պետություն, այլ ընդամենը մի տարածք, որտեղ տեղակայված է իր ռազմաբազան և որը պատասխանատվություն է կրում այդ կայանի պահպանման համար:
Բայց որպեսզի այս խայտառակությունը հնարավոր լինի փոքրիշատե քողարկել, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների աշխատակազմերը մի ամբողջ շարք արհեստական, ուղղակի ձևական միջոցառումներ էին մոգոնել, որոնցից գլխավորն, իհարկե, այսպես կոչված հայ-ռուսական միջտարածաշրջանային կոնֆերանսի կազմակերպումն էր Գյումրիում, որի միակ նպարակը հենց Գյումրիից Սերժ Սարգսյանի և Պուտինի ելույթներ ունենալու ամբիոն ապահովելն էր:
Բոլոր դեպքերում այցը կայացավ: Այն դիվիդենտներ բերեց թե Հայաստանին և թե Ռուսաստանին: Առաջինը ձեռք բերեց որոշակիություն: Նախ' իշխանությունների համար կարևոր էր համոզվել, որ ԵՄ-ի հետ իրենց տված չկշռադատված ասոցացման խաղերի պատճառով Պուտինը վերջնականապես երես չի թեքել' բախտի քմահաճույքին թողնելով իրենց ճակատագիրը: Այս այցի միջոցով Պուտինը, հոգատար հոր կարգավիճակով հասկացրեց, որ առաջին կամակորության համար ներում է իր չարաճճի զավակին: Այնպես որ Եվրոպական հովանավորությունից գրեթե վերջնականապես զրկված հայաստանյան իշխանությունը կարողացավ իր շարունակականության ապահովման հուսալի տանիք գտնել' ի դեմս ռուսական հովանավորության:
Երկրորդ անորոշությունը, որը հնարավոր եղավ հաղթահարել, կապված էր ներկրվող գազի սակագնի և անցած երկու ընտրական տարիների ընթացքում սպառողներին էժան գնով վաճառված գազի դիմաց կուտակված պարտքի մարման հետ: Հայկական և ռուսական կողմերի միջև կնքված համաձայնագրերով նախ հստակեցվեց, որ ռուսական կողմը 30 տոկոսով նվազեցնում է Հայաստան մատակարարվող գազի գինը, թեև դա վերջնական սպառողի վրա որևէ կերպ չի անդրադառնալու: Դրանից Հայաստանի միակ ձեռբերումն այն է, որ հնարավորութուն է ստանում 5 տարի խուսափել գազի գնի թանկացումից, վերանայումներից. ընդամենը:
Որովհետև թանկացումից հետո անցած տարիներին վառված գազի դիմաց ավելի էժան վճարելու պատճառով կուտակված 155 մլն դոլարի պատքը «Հայռուսգազարդ» ընկերությունում ՀՀ Կառավարության ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը հանձնելով մարելուց հետո այլևս պարզ է, որ «Գազպրոմ» ընկերությունը սահմանի վրա Հայաստան մատակարարվող գազի գինը էժանացնում է ոչ թե Հայաստանի, այլ հենց ինքն իր համար' արդյունքում մեծացնելով սեփական շահույթները: Այլ կերպ ասած' Հայաստանն այս գործարքից մեծ հաշվով ոչինչ չշահեց' բացի ժամանակից և գազի գնով պայմանավորված սոցիալական որոշակի կայունությունից:
Երրորդ անորոշությունը պայմանավորված է ռուսական կողմի հետ ռազմական ոլորտում ձեռք բերած նոր պայմանավորվածություններով: Պուտինը հավաստիացրեց, որ Հայաստանն իրենից ձենք-զինամթերք կարող է ձեռք բերել իր ներքին շուկայական գներով: Սակայն մինչ այդ էլ հայկական կողմը ռուսական զենքը գնում էր համեմատաբար ավելի էժան: Այսինքն մեծ հաշվով սա որևէ նոր բան չի տալիս Հայաստանին, բացի թերևս, հայ-ռուսական ռազմաստրատեգիական համագործակցության տպավորությունը շեշտելով՝ Ադրբեջանի վրա հոգեբանական ազդեցություն բանեցնելը:
Ռուսաստանը մեծացնում է ռազմական ներկայությունը Հայաստանում ու շարունակելու է այդ գործընթացը, որի մասին Գյումրիում ունեցած ելույթում հստակ հայտարարեց Պուտինը' նշելով, թե իրենք ոչ միայն չեն հեռանալու Հարավային Կովկասից, այլև ավելի են հաստատելու և ընդլայնելու իրենց ներկայությունը: Հայաստան մտնող ժամանակակից զինտեխնիկան համալրում է ոչ թե հայկական զինված ուժերը, այլ շարունակում է մնալ ռուսական զորակայանի բալանսում: Դա ևս միմիայն հոգեբանական էֆեկտ ունի, որովհետև որևէ մեկը չի երաշխավորում, որ պատերազմի վերսկսման դեպքում այդ զինտեխնիկան օգտագործվելու է հայկական կողմի շահերը պաշտպանելու համար: Պոտինը Երևանում խուսափեց այդ հարցի ուղղակի պատասխանից' շատ պարզ հասկացնելով, որ պատրաստ չէ նման զարգացումների և չի դիտարկում թեկուզ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանանձած պարտավորությունների համատեքստում այդ ռեսուրսը Հայաստանի զինված ուժերին տրամադրելու հնարավորությունը:
Միակ քիչ թե շատ առարկայական օգուտը, որը Հայաստանը քաղեց Պուտինի այս այցից, այն է, որ Մոսկվան հրաժարվում է Հայաստան արտահանվող հումքային ապրանքնատեսակների նկատմամբ մաքսատուրք կիրառելուց: Այն կանդրադառնա հայաստանյան վերջնական արտադրանքի ինքնարժեքի վրա, գուցե ինչ-որ տեղ հետխորհրդային տարածաշրջանում հայկական արտադրանքը գնային ցուցիչով ավելի մրցունակ կդարձնի: Բայց ակնհայտ է, որ դա ոչ մի կերպ չի ազդելու այդ արտադրանքի որակի բարելավման վրա: Եվ սա միակ զիջումն է, որը Մոսկվան անում է Հայաստանին' Մաքսային Միությանն անդամակցելու հարցում ցուցաբերած այն գերշահագրգռության համար, որն անգամ զարմացրել էր Պուտինին ու թերևս նրան համոզել եվրասիական ինտեգրման հարցում Հայաստանի հետաքրքրվածության անկեղծության մեջ:
Ռուսաստանի ձեռբերումները Պուտինի այցից շատ ավելի առարկայական են: Դրանք վերաբերում են նախ Հայաստանի գազաէներգետիկ ողջ համակարգը վերջնականապես սեփականացնելու և տնօրինելու իրավունքը ձեռք բերելու, ապա շատ ավելի թանկ արժեցող «Հայռուսգազարդի» բաժնետոմսերը փաստացի ձրի ձեռք բերելուն: Եթե նկատի առնենք, որ Հայաստանում ներքին արդյունաբերություն գրեթե գոյություն չունի, իրենից գնվող հումքային արտադրանքի համար արվող մաքսային զեղչերը ևս էականորեն չեն կարող ազդել ՌԴ-ի բյուջետային մուտքերի վրա: Բայց դրա փոխարեն Ռուսաստանը փաստացի գրպանն է դնում Հայաստանը' անգամ վերջինիս Մաքսային Միության անդամ չլինելու պարագայում և նրան զրկում արտաքին ճկուն, ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունից ու իրավունքից: Ուշադրություն դարձնենք' անգամ Հայաստան կատարած «պետական» այցի ընթացքում Պուտինը չհստակեցրեց' երբ Հայաստանը կմտնի Մաքսային Միություն կամ կմտնի՞ առհասարակ դրա մեջ, թե՞ ոչ:
Նա ընդամենը պատասխանատվությունը գցեց մյուս անդամ պետությունների' Բելառուսի և Ղազախստանի վրա: Փաստացի Ռուսաստանը Հայաստանի հետագա ճակատագրի համար ընդհանրապես որևէ երաշխիք չի տալիս: Նման ակնկալիքն, իհարկե, աննորմալություն է Հայաստանի' անկախ ու ինքնիշխան պետություն լինելու պարագայում: Բայց հօգուտ Ռուսաստանի միակողմանի շահի' այդ ինքնիշխանությունից թեկուզ մասամբ Հայաստանի ինքնակամ հրաժարվելու պարագայում դա դառնում է խիստ տրամաբանական: Ի դեմս Հայաստանի' որը մոտ մեկ ամիս առաջ Մինսկում ՄՄ գագաթաժողովի շրջանակներում ստորագրեց Մաքսային միության դեմ որևէ գործողություն, անգամ հայտարարություն չանելու պարտավորագիրը, Մոսկվան ձեռք է բերում իր ռազմակայանի համար ապահովագրված մի տարածք, որտեղ դեռևս ապրող ազգաբնակչության համար որևէ պատասխանատվություն չի կրում: Սա Հայաստանի համար անգամ ավելի վատ է, քան եթե այն լիներ Ռուսատանի որևէ «գուբերնիաներից» մեկը:
Փոխարենը սակայն, իր այցով Պուտինը, դրա ընթացքում ստորագրված համաձայանգրերով հայատանյան իշխանություններին հնարավորություն է տալիս սեփական հասարակությանը կերակրել այդ այցից ստացած խոշորագույն սոցիալ-տնտեսական ու ռազմաստրատեգիական ձեռքբերումների մասին հեքիաթներով ու դրանով արդարացնել մաքսային միության տրամաբանությունից դուրս այլակարծության հանդեպ նորովի դրսևորվող անհանդուրժողականությունն ու ռեպրեսիաները: