Ավստրալական Travel կայքը, որը The Australian ճանապարհորդական ամսագրի մի մասն է, հոդված է հրապարակել Ադրբեջանի մասին և այն որակել որպես «չժպտացող երկիր», գրում է haqqin.az-ը։
«Ժպտալը հեշտ բիզնես չէ։ Ես դա բացահայտեցի Ադրբեջանում։ Հարգալից սպասարկումը մշակույթի մաս է, իսկ ժպիտ չկա»,-գրում է հոդվածագիր Ադամ ՄքՔալոքը։
Հետխորհրդային երկրներում տեղացիները ժպտացող օտարներին հաճախ կասկածելի մարդու տեղ են դնում։ Եվ դա խնդիր է միջազգային բրենդների համար Կասպիցի ափին գտնվող նավթով հարուստ այս մեգապոլիսում։
«Շքեղ Four Seasons Hotel Baku հյուրանոցի մոտ ես շփվում եմ ողջ աշխարհից մենեջերների հետ, և շատ ընկերություններ նշում են, որ խորհրդատուներ են օգտագործում, որպեսզի իրենց աշխատակիցներին սովորեցնեն ժպտալ»,-ասել է նա։
San Diego State University-ի պրոֆեսոր Փիթեր Անդերսենն իր հաճախորդների թվում նշում է ավելի քան 40 հյուրանոցների աշխատակազմերի։
Նա բացատրում է, որ ավելի ցուրտ վայրերում մարդիկ ավելի քիչ են ժպտում։
Հոդվածագիրն իրեն ուղեկցող Բալաշի հետ հասնում է Շեքի՝ քաղաք, որն ըստ պնդումների՝ Ադրբեջանի ամենամարդամոտ և ուրախ մարդկանց տունն է։
«Նրանք հաղթել են Բելառուսում անեկդոտների փառատոնում»,-ասում է Բալաշը։
Հեղինակը ցանկանում է ստուգել՝ արդյոք դա իրոք այդպես է։
«Քաղաքը, թվում է, բացառապես տղամարդկանցով է բնակեցված (որոնք համաձայն իմ հետազոտությունների՝ ավելի քիչ են ժպտում, քան կանայք)։ Տղամարդիկ իրենց գործով են զբաղվում, իսկ մարդիկ հազվադեպ են ժպտում, երբ մենակ են մնում հետդ»,-գրում է հեղինակը։
«Մենք Բաքվում ասում էինք «աէրոպորտ», իսկ Շեքիում՝ «աէրոդրոմ»,-ծիծաղում է ուղեկիցը։ Իսկ հեղինակը հումորն այդպես էլ չի հասկանում։ «Շեքիի հումորը, գուցե դժվար է հասկանալ, բայց ժպիտ չկա»,-եզրակացնում է հեղինակը։
Բաքու վերադառնալիս նրանք կանգ են առել շուկայում՝ բալի և սերկևիլի վաճառասեղանի մոտ։
«Ես դեմքի չեզոք արտահայտությամբ մոտենում եմ տատիկին, որը մրգեր է վաճառում, իսկ նա ժպտում է, և նրա բոլոր ատամները ոսկով են պատված»,-գրում է նա։
Ավստրալացի ճանապարհորդն այդպես էլ չի հասկացել, թե ինչո՞ւ են Ադրբեջանում ժպտում միայն այն ժամանակ, երբ ցանկանում են ինչ-որ բան վաճառել, իսկ առօրյայում հյուրընկալվելիս՝ հազվադեպ։