Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին երեք օրվա ընթացքում ասուլիս տվեց արդեն երկրորդ անգամ: Առաջինը կայացավ, երբ հայտնի դարձավ, որ Երևանը և Մոսկվան 5 տարվա կտրվածքով հստակեցրել են Հայաստան մատակարարվող գազի սակագինը: Դեսպանի երկրորդ ասուլիսը տեղի ունեցավ արդեն անցած չորեքշաբթի ԱԺ-ում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի տված որոշ բացատրություններից հետո, որոնցից պարզ դարձավ, որ Երևանը իրանական գազը չի համարում ավելի նախընտրելի այն պատճառով, որ Իրանը Ռուսաստանից ավելի բարձր գնով է այն առաջարկում: Գրում է yerkir.am-ը:
Ռեյիսին ասուլիսի էր հրավիրել' ասելու, որ եթե Հայաստանը հետաքրքրություն ցուցաբերի իրենց գազի նկատմամբ, պատրաստ են սակագնի որոշման հարցում տարբերակված մոտեցում ցուցաբերել: «Գազը մի երկրի համար կարող է լինել 400, իսկ մյուսի համար՝ 100 դոլար: Բանակցելու խնդիր է»,-թափանցիկ ակնարկել է դեսպանը' հստակեցնելով, սակայն, որ, դրա հետ կապված, հայկական կողմը երբևէ Թեհրանի հետ բանակցություններ չի վարել: Պարզ է, որ Ռեյիսին ինչ-որ տեղ ստիպված տվեց երկրորդ ասուլիսը, որովհետև չէր կարող անտարբերությամբ հետևել, թե ինչպես է նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ ամբիոնից, մեղմ ասած, ապատեղեկատվություն տալիս իրանական կողմի հետ հարաբերությունների ու ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:
Սակայն պարզ է, որ երկրորդ ասուլիսը հրավիրելու միակ պատճառը դա չէր: Որքան էլ Ռեյիսի պարզաբանումները Հայաստանի իշխանությունների համար ամոթալի լինեն, դրանք ուշացած են և որևէ բան այլևս փոխել չեն կարող: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում Հայաստանը Ռուսաստանի հետ արդեն ստորագրել է Հայաստան բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրերը: Արդեն պարզ է, որ Հայաստանն այդ համաձայնագրերով գազ է գնելու միայն Ռուսաստանից, և հենց դա է ռուսական կողմից Հայաստանի' 2011-ից կուտակած 300 մլն դոլար պարտքի մի մասը' 145 մլն իր վրա վերցնելու գինը:
Այս իմաստով իսկապես հետաքրքրական է դառնում, թե ինչո՞ւ է Թեհրանը զարթնել միայն գնացքը մեկնելուց հետո: Չի բացառվում, որ ինչպես Հայաստանի հասարակությունը, Իրանը ևս դարձել է կառավարության, մեղմ ասած, գաղտնապահության զոհը, միայն ռուսական կողմի հետ Հայաստանի գազային նոր գործարքից հետո է տեղեկացել ստեղծված իրավիճակի մասին ու հիմա հուսահատ փորձում է ինչ-որ չափով շտկել իրավիճակը: Պատահական չէ, որ Ռեյիսին հատուկ ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ անգամ այդ համաձայնագրերը ստորագրելուց հետո դեռևս հստակ չէ, թե ինչ գնով է Հայաստանն իրականում գազ ստանալու Ռուսաստանից: «Ես ուղղակի դեռեւս չեմ տեսել որեւէ պայմանագիր, որտեղ նշված լինի' 1000 խմ գազը' 189 դոլար: Սովորաբար բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են գալիս եւ որոշում են մի որեւէ թիվ, որը պետք է լինի գինը: Եթե բոլոր բանակցությունների արդյունքը պարզ լինի, այն ժամանակ մեզ համար շատ հեշտ կլինի գնի հարցը որոշել»,-ասել է դեսպանը' պարզ հասկացնելով, որ գազային էպոպեան դեռևս ավարտված չէ, և Հայաստանի իշխանությունները հնարավորություն ունեն օգտվելու իր բերանով արվող իրանական առաջարկից:
Իսկ ակնարկն այն մասին, որ Իրանը կարող է Հայաստանին գազ մատակարարել նույնիսկ 1000 խոր. մետրը 100 դոլարով, ցույց է տալիս, որ Հայաստանի պարագայում Իրանը ելնում է ոչ թե տնտեսական, այլ միայն քաղաքական նպատակահարմարությունից, այսինքն' դա լինելու է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործարք, որը այլ բան չի նշանակում, քան առաջարկ Հայաստանին' Ռուսաստանից էներգետիկ գերկախվածությունը թուլացնել հենց իրանական գազից օգտվելու տարբերակով: Այս իմաստով պատահական չէր դեսպանի անցկացրած զուգահեռը, թե Իրանին տնտեսական առումով այնքան էլ պետք չէ ներկայումս Հայաստան մատակարարվող սահմանափակ գազի դիմաց էլեկտրաէներգիա ստանալու գործարքը, որովհետև Իրանն ինքը էլեկտրաէներգիա արտահանող երկիր է: Չնայած իրականում այնքան էլ այդպես չէ, սակայն դրանով դեսպանը փորձում է հասկացնել, որ Հայաստանի նկատմամբ Իրանը փորձում է վարել է տնտեսաէներգետիկ բալանսավորման քաղաքականություն, այսինքն' էներգետիկ աղբյուրների դիվերսֆիկացման հնարավորություն ընձեռելով' Հայաստանի սուվերենությունը հնարավորինս պաշտպանելու քաղաքականություն: Այսպիսով' Թեհրանը պարզորոշ հասկացնում է, որ այնքան էլ հանգիստ չի ընդունում այն գործողությունները, որոնք արվում են Մոսկվայի կողմից Հայաստանը գաղութացնելու և Հարավային Կովկասը բացառապես իր ազդեցության գոտին դարձնելու ուղղությամբ, և որ այս իրավիճակում Հայաստանի հարաբերական ինքնիշխանության պահպանումը ուղիղ համեմատական է հյուսիսից իր անվտանգության և այս տարածաշրջանում իր հետաքրքրությունների պաշտպանությանը:
Արևմուտքի հետ քիչ թե շատ կայուն հարաբերությունների դաշտ ստեղծելը և իր նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների մեղմացումը Իրանի նոր իշխանություններին հնարավորություն է տալիս աստիճանաբար դիտորդից դառնալու տարածաշրջանային խոշոր խաղացողի և ձեռնամուխ լինելու Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կենտրոնների' Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև աստիճանաբար սրվող մրցակցությունում իր հետաքրքրությունների պաշտպանությանը: Թեհրանի համար հավասարաչափ խնդրահարույց են դառնում թե' ռուսական էներգետիկ էքսպանսիան այս տարածաշրջանում, թե' ԱՄՆ-ի կողմից ԼՂ հակամարտությունից կառչելու և այդ պրոցեսի թելն իր ձեռքը վերցնելու ակնհայտ ձգտումները, որոնց միջոցով Վաշինգտոնը փորձում է ռուսական ամբիցիաները չափավորելու զսպօղակի դեր ստանձնել:
Ուշագրավ է, որ հենց այսօր Կիևում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցող ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, թե ԵԱՀԿ-ն պարտավոր է կրկնապատկել ջանքերը Վրաստանի և Մոլդովային աջակցելու զուգահեռ Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնելու համար: Դրանով նա ընդգծել է այս փուլում Վաշինգտոնի համար ԼՂ հիմնահարցի առանձնահատուկ կարևորությունը:
Իրանի նոր իշխանությունը փորձում է փոխել խաղի կանոնները և չկորչել հարավկովկասյան թնջուկում' Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի և Անկարայի շահերի խաչմերուկում: Եվ դրա համար հիմնական հենման կետը դառնում է հենց իրենից կոմունիկացիոն կախվածություն ունեցող Հայաստանը: Առաջիկայում, ինչպես տեղեկացրել է Իրանի դեսպանը, Հայաստան է այցելելու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը: Այդ այցի ընթացքում էլ կհստակեցվի' կցանկանա՞ Երևանը բռնել Թեհրանի մեկնած ձեռքը, թե՞ ոչ, կձևավորվի՞ Հայաստան-Իրան նոր տեսա-քաղաքական օրակարգ, թե՞ Հայաստանը, հանուն «բարեկամ» Ռուսաստանի, կկորցնի նաև այս շանսը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ