Արձակագիր Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թ. դեկտեմբերի 8-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983 թ. ավարտել է մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թ-ից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։ 1988 թ-ից նրա ստեղծագործությունները տպագրվել են հանրապետական մամուլում։ Պատմվածքների անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991թ.' «Խնկի ծառեր» վերնագրով։ 1994 թ-ից պարբերաբար տպագրվել է մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով», «Լեպտա» ամսագրերում։ 1998 թ. տպագրվել է «Լիտերատուրնայա Ուկրաինայում»։ 1995 թ. լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որը թարգմանված է նաև ռուսերեն։ Գրողի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն և այլ լեզուներով։ 1999 թ. լույս տեսած «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 2000 թ. արժանացել է ՀՀ Պետական գրական «Ոսկե եղեգն» մրցանակի: Մասնակցել է արցախյան պատերազմին: 2013 թ. արժանացել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի, որից հրաժարվել է' պատճառաբանելով, որ երկրում արտագաղթ է և իր ընկեր ազատամարտիկները ապրում են սոցիալապես անապահով պայմաններում: