«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին, նշում է. «Այս իշխանություններին վստահել հնարավոր չէ: Սրանք ապացուցել են, որ իրենց չպետք է վստահել»: Իսկ ռուսական կողմին «ՀայՌուսգազարդ»-ի վերջին 20% բաժնետոմսերի վաճառքի մասին ասում է, որ իշխանութունների ձեռքը տարիներ շարունակ եղել և մնում է ժողովրդի գրպանում:

 

-Տիկին Թադևոսյան, Վլադիմիր Պուտինի այցից հետո, երբ հայտարարվեց «ՀայՌուսգազարդ»-ի վերջին 20 տոկոսը ռուսական կողմին հանձնելու մասին, հայտնի դարձավ, որ ՀՀ-ն Ռուսաստանին պարտք է մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլար, որի մի մասը գոյացել է գազի սակագնի թանկացման հաշվին, ինչը ոչ ոք չի իմացել: Հիշում եմ՝ ՀԱԿ անդամները մեկ տարի շարունակ պնդում էին, որ գազի սակագինը փոխվել է, սակայն էներգետիկայի նախարարը, մշտապես «հղում» կատարելով ընթացող բանակցություններին, որևէ պատասխան չէր տալիս: Հիմա, փաստորեն, ստացվեց, որ ճիշտ էիք:

 

-Այս իշխանություններն ազնիվ չեն այն մարդկանց նկատմամբ, ում առաջ պատասխանատվություն են կրում: Ի վերջո, պետք է դրա մասին հիշեցնել, հավանաբար իշխանություններն այդ մասին չգիտեն, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Նրանք պետք է հասկանան, որ պատասխանատու են, հաշվետու են ժողովրդի առաջ: Ի վերջո, այդ գումարները նրանք տանում են ժողովրդից. հնարավոր չէ տարիներ շարունակ մարդու գրպանը մտնել և չասել՝ «որ իմ ձեռքը քո գրպանում է»: Հակառակ պարագայում, եթե նա դրա մասին չի ասում, ուրեմն գող է: Այսինքն՝ իշխանությունները գող են: Եվ կարծում եմ, որ ցանկացած նորմալ հասարակության մեջ, իսկ ես չեմ կասկածում, որ սա նորմալ հասարակություն է, պետք է լինի համընդհանուր ընդվզում: Չի կարելի հանդուրժել գողին քո երկրում, մարդկանց, որոնց նպատակն ու գործերը որևէ կապ չունեն կառավարման քաղաքականության, բարոյականության քաղաքականության հետ, այլ միակ նպատակը հնարավորինս հարստահարելն է՝ այն մտայնությամբ, որ այս երկիրն իրենց սեփականությունն է: Եվ այն բյուջեն, որ գոյանում է մարդկանց քրտինքից քամած փողերից, իրենց անձնական փողերն են: Եվ զարմանում եմ, որ այս իշխանությունների մեջ չկա մեկը, որը սեփական նախաձեռնությամբ բարոյական ճնշման ենթարկվի այս ամենից, և գոնե մեկը հրաժարական տա: Ոչ մեկը դա չի անում: Ուրեմն՝ սրանք բոլորը մի սանրի կտավ են: Ասում են՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, բայց էսքան վատին մենք արժանի չենք:

 

-Կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրման մասին Ձեր կարծի՛քը:

 

- Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի ծրագիրը մշակվել է ԱՄՆ-ից հրավիրված փորձագետների տրամադրած հատուկ խորհրդատվության ու հաշվարկների հիման վրա՝ կառավարության պատվերով: Բայց հենց այդ ժամանակ էլ խորհրդատվություն իրականացրած փորձագետների կողմից այս իշխանություններին ասվել է, զգուշացվել է, որ ձեր հասարակությունը ծերացող է, ունի ժողովրդագրական լուրջ խնդիրներ: Այսինքն՝ որ այսպիսի ծրագիրը ներդնելն ապագայում կունենա անկանխատեսելի հետևանքներ: Դա ասվել է այս իշխանություններին: Գիտեք, տարբեր երկրներում մոդայիկ դարձած այս մոդելը կարծես թե գայթակղիչ է եղել այս իշխանության համար, բայց մերոնք, ի տարբերություն, ունեն մի միտում, որն արտաքուստ չի երևում, բայց որպես նպատակ հռչակել են ողջ հանրությանը հնարավորինս հարկման ենթարկելը: Սա հարկման մի միջոց է, սա չի նշանակում, որ մարդիկ այսօր իրենց աշխատավարձից փող պետք է տան ինչ-որ հիմնադրամներին, որ վաղը, մյուս օրը ապահովված ծերություն ունենան: Այս իշխանություններին վստահել հնարավոր չէ: Սրանք ապացուցել են, որ իրենց չպետք է վստահել:

 

Հակառակ դեպքում սոցիալական հիմնադրամներին ուղղվող 3 տոկոս սոցիալական վճարներից, որ արդեն ունենք 26 տոկոսի մեջ (26 տոկոս միասնական հարկ ենք վճարում), ուրեմն թող 2 տոկոսն էլ կազմի պարտադիր կուտակային հիմնադրամին հատկացվող գումար:

 

-Կառավարության անդամները ոչ պաշտոնական զրույցներում ասում են՝ ինչպե՞ս ենք վճարելու թոշակները, մարդիկ արտագաղթում են, և արդեն հիմա մեկ աշխատողին բաժին է ընկնում երեք թոշակառու:

 

-Այ, որ ժողովրդից չգողանային, օֆշորներում ձեռնարկություններ չգրանցեն, որ իրենց անձնական ուղևորությունների վրա անհռելի գումարներ չծախսեն, որ արտասահմանյան պատվիրակություններին ընդունելիս ամենաթանկարժեք կոնյակները և իրենց այցետոմսերի, իրենց «ուտելավճարների» վրա բյուջեից հսկայական գումարներ չվերցնեն, գումարած հազար ու մի տարբերակներով պետական բյուջեի ամենօրյա թալանի դեպքերը, եթե այդ ամենի նկատմամբ խնայողական վերաբերմունք լինի, վերաբերմունք, որը հարիր է իր ժողովրդի մասին մտածող կառավարությանը, մենք հսկայական գումարներ կկուտակեինք մի կողմից, և մյուս կողմից էլ, այդպիսի իշխանությունների նկատմամբ կլիներ վստահություն: Մարդիկ կհասկանային, որ այս երկրում պետք է ապրել և ոչ թե թքել ու լքել, ու այդ դեպքում չէինք ունենա ժողովրդագրական այսպիսի պատկեր, այդ դեպքում կունենայինք նաև կուտակային հիմադրամ ստեղծելու հնարավորություն: Բոլոր մեղքերը իրենց մեջ են, թող ուրիշ տեղ չփնտրեն:

 

-Տիկին Զոյա, ինչպես եք վերաբերում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված «Քաղաքացիական պայմանագին», որն արդեն ունի Կառավարման խորհուրդ:

 

-Այդ կապակցությամբ ոչ մի մեկնաբանության:

 

-Հայտնի դարձավ, որ Կոնգրեսի՝ դեկտեմբերի տասի երթին միայն ազատամարտիկներն են միանալու, չնայած արված կոչերին: Ձեր մեկնաբանությունը:

 

-Կարծում եմ, որ շատերը կմասնակցեն, ազատամարտիկները հայտարարել են, բայց նրանք, ովքեր քաղաքացի են, ովքեր հասուն են, նրանք այդ օրը ուղղակի պարտավոր են իրենց իրավունքների համար կանգնելու: Մնացածը հասուն չեն: