Երեկ հանրապետության ողջ տարածքում տեղացած ձյունը, ինչպես և սպասելի էր, կաթվածահար էր արել երթևեկությունը հանրապետության շատ փողոցներում: Հարյուրավոր մեքենաներ ձյան պատճառով հայտնվել էին խցանման մեջ: Պատկերը, չհաշված ձյան առաջին գալուստով ուրախացած երեխաների արձագանքը, տխուր էր ու անմխիթար:

 

Թե ինչպես են համապատասխան կառույցների կողմից կատարվել ճանապարհներում առկա ձյան մաքրման աշխատանքները (եթե, իհարկե, դրանք կատարվել են ամբողջությամբ), պատասխանը, թերևս, կարող են տալ միայն ձյան և դրա հետևանքների դեմ պայքարած և երկաթե նյարդեր ու դիմացկունություն ցուցաբերած վարորդները:

 

Լուրեր.com-ը փորձեց Երևանի քաղաքապետարանից տեղեկանալ, թե արդյոք քաղաքապետարանը կարողանում է մայրաքաղաքի ճանապարհներն անցանելի դարձնել ամբողջությամբ:

 

Չնայած երեկ մայրաքաղաքի և շրջանների զգալի մասի, մեղմ ասած, անմխիթար վիճակին, ձյան մեջ թաղված մեքենաներին, սոցցանցերում անթիվ-անհամար մարդկանց' ուրախությանը միախառնված բողոքներին' քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը կարողանում է ապահովել գլխավոր փողոցների անցանելիությունը:

 

«Ամբողջ տեխնիկան կազմ-պատրաստ է, և գլխավոր փողոցները եղել են բաց»,-ասաց Գևորգյանը:

 

Երկրորդական փողոցների մաքրման վերաբերյալ Արթուր Գևորգյանը նշեց, որ դրանց մաքրման աշխատանքներ ևս տարվել են:

 

«Առաջնահերթը գլխավոր փողոցներն են: Իհարկե, երկրորդական և երրորդական փողոցներում ևս մաքրման աշխատանքեր տարվել են, այդուհանդերձ, հիմնական ուշադրությունը եղել է սևեռված գլխավոր փողոցների վրա' հաշվի առնելով երթևեկի ծանրաբեռնվածությունը և այն, որ այդ փողոցներում որևէ խցանում, երթևեկության խաթարում տեղի չունենա:

 

Մայթերի մաքրման աշխատանքներ ևս տարվել են: Չմոռանանք, որ տնտեսվարող սուբյեկտները, ստորագրված պայմանագրային պարտավորությունների համաձայն, իրենց հարակից տարածքների մաքրման աշխատանքները կատարում են իրենք: Այս մասով ևս այսօր տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետը տեղեկացրել և նախազգուշացրել է, որ ևս մեկ անգամ ոչ բարեխիղճ տնտեսվարողներին նախազգուշացվի, որ իրենք կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները»,-ասաց Գևորգյանը:

 

Օրեր առաջ Հայաստանի փոխադրողների միությունը հայտարարել էր, որ եթե մինչև հունվարի 1-ը տրանսպորտի սակագինը չբարձրանա, իրենք գործադուլ կանեն, ինչի արդյունքում երթուղայինները չեն սպասարկի քաղաքացիներին:

 

Արթուր Գևորգյանի խոսքերով' իրենք դեռևս տեղեկատվություն չունեն նման դեպքերի վերաբերյալ: «Նման տեղեկատվություն չունենք, բայց, այնուամենայնիվ, տեղեկատվություն կա, որ որոշ մեքենաներ, անվադողերի և ձմռան նախապատրաստական վիճակի հետ կապված, չեն կարողացել նախապատրաստվել և դուրս չեն եկել երթուղի, ինչին ևս անդրադարձ է եղել խորհրդակցության ժամանակ, և քաղաքապետի կողմից խիստ հանձնարարական է իջեցվել համապատասխան օղակին' տրանսպորտի վարչությանը' զրուցել կոնկրետ տնտեսվարողների հետ և խստորեն հիշեցնել, որ իրենք ունեն պայմանագրային պարտավորություններ, և դրանք չկատարելու դեպքում' կնախաձեռնվեն խիստ միջոցներ' ընդհուպ մինչև լիցենզիայի կասեցում»,-ասաց Արթուր Գևորգյանը: