Երեկ հանրապետության ողջ տարածքում տեղացած ձյունը, ինչպես և սպասելի էր, հանրապետության շատ փողոցներում կաթվածահար էր արել երթևեկությունը: Հարյուրավոր մեքենաներ ձյան պատճառով հայտնվել էին խցանման մեջ:
Չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ ամբողջ տեխնիկան կազմ-պատրաստ է, և գլխավոր փողոցները բաց են եղել, բայց բողոքները շարունակվում էին, հատկապես' սոցիալական ցանցերում: Առավոտյան ևս Երևանի փողոցները սառույցով էին պատված: Եղանակային նման պայմաններում և համապատասխան մարմինների անգործության հետևանքով ավտովթարների թիվը մի քանի անգամ աճում է:
Lurer.com-ի թղթակիցն այս առթիվ զրուցեց «Ռեսո» ապահովագրական ընկերության Գույքային ապահովագրության ԱՊՊԱ պահանջների կարգավորման վարչության ղեկավար Կարեն Պետրոսյանի հետ:
«Եթե պրոբլեմ է առաջանում տեղանքի դժվարության, խցանումների պատճառով, ոստիկանությունն իրավասություն ունի մեքենաները հանել դեպքի վայրից: Այդ կերպ ճանապարհային երթևեկելի մասն ազատվում է, մինչև ԱՊՊԱ-ն հասնում է»,- ասաց վերջինս:
Կարեն Պետրոսյանը, բերելով մոտավոր թվեր, նշեց, որ օրական իրենց ընկերությունը ստանում է 40-45 զանգ, իսկ երեկ' 71: Նկատեց նաև, որ Նոր տարվա շարժի հետ կապված վթարների թիվն աճում է:
«Բնակլիմայական նման պայմաններում նույնիսկ ձմեռային անվադողերով մեքենաները վարելու դեպքում վարորդները չեն կարող կանխել վթարների առաջացումը. ինչ էլ վարորդներն անեն, դեպքերն ավելի շատ են լինելու: Հաշվի առնենք, որ առաջին ձյունն էր, վարորդների որոշ մասը դետ ամառային անվադողերով է վարում' հույս ունենալով, որ դեռևս տեղումներ չեն լինի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ընկերությունն ինչ բողոքներ է ստացել իրենց աշխատանքի վերաբերյալ, նշեց, որ այդպիսիք շատ քիչ են: Երեկ ընդամենը մեկ դեպք է տեղի ունեցել, որ ճանապարհի պատճառով չեն կարողացել դեպքի վայր հասնել. «Օրենքը մեզ թույլ է տալիս: Եթե գտնում ենք' մեր գնալն անհրաժեշտ չի, հնարավոր չի, քաղաքացին դիմում է ոստիկանություն և եզրակացությունից հետո գալիս հատուցումը ստանում է»:
Lurer.com-ի թղթակիցը զրուցեց նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության փոխտնօրեն Հայկ Պետրոսյանի հետ, ով ևս փաստեց, որ երեկվա ձյունն իսկապես որոշակի դժվարություններ է առաջացրել, բայց օրենքով սահմանված ժամկետում Երևան քաղաքի մեջ և մարզերում հասնում են դեպքի վայր:
Անդրադառնալով վթարների պատճառով առաջացած խցանումներին' Հայկ Պետրոսյանը նշեց. «Խցանումների հետ մենք գործ չունենք, դրանով ոստիկանությունն է զբաղվում: Երբ պատահար է լինում, մենք գնում ենք և խնդիրը լուծում: Քանի որ օրենքով որոշակի սահմանափակում է նախատեսված, մենք բոլոր հնարավոր մեթոդները կիրառում ենք և ժամանակին փորձում ենք տեղ հասնել: Նշեց նաև, որ վարորդների կողմից ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր բողոքներ չեն ստացվել:
Չնայած վթարների աճման վերաբերյալ թիվ չկարողացավ նշել, բայց դրանց առաջացման գործոնները հիմնականում նույնն են' վարորդները, մեքենաների տեխնիկական վիճակը, քանակը, տարբեր ժամային գոտիները, որոշ փողոցների ոչ բարվոք վիճակը և մարդկանց հոսքը: