«Ժառանգության» գնահատականը վիլնյուսյան գագաթաժողովի եւ հետագա զարգացումների առնչությամբ

 

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը եւ խորին ափսոսանք է հայտնում, որ դրա արդյունքում Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի վիլնյուսյան գագաթաժողովում չկայացավ երեքեւկես տարի բանակցված Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: «Ժառանգությունը» գոհացուցիչ չի համարում Վիլնյուսում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը: Կուսակցությունը ողջունում է Վիլնյուսի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրը, այդ փաստաթղթում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների հետագա սերտացում նախատեսող դրույթները:

 

Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վիլնյուսյան գագաթաժողովին հետեւած այցի կապակցությամբ տարակուսելի էին ՌԴ ռազմակայանից մեկնարկած այդ այցը պետական կոչելը, ինչպես նաեւ հայ-ռուսական «դարավոր բարեկամության» մասին հայտարարությունները, երբ Հայաստանի երեքհազարամյա պատմության մեջ Ռուսաստանի ներկայությունը հազիվ երկու դար է կազմում, ներառում է գաղութատիրության հատված եւ լի է ցավալի էջերով: Տարակուսելի էր նաեւ, որ Հայաստանում գտնվող Վ. Պուտինը, չնայած ռազմավարական դաշնակցության մասին պնդումներին եւ ի հեճուկս ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի, խուսափեց Հայաստանի հանդեպ ոտնձգությունները Ռուսաստանի ազգային անվտանգության դեմ քայլեր որակելուց: Համոզիչ չեն Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելու մտահոգությունների մասին նախագահ Պուտինի հայտարարությունները, երբ ՌԴ-ն տնտեսական շահերի վկայաբերմամբ մեծաքանակ զենք է մատակարարում տարածաշրջանային կայունությանը մարտահրավեր նետող Ադրբեջանին:

 

Բացասական ենք գնահատում հայրենի իշխանությունների կողմից ՌԴ նախագահի այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը' ՀայՌուսգազարդի 20% բաժնեմասը պարտքի դիմաց հանձնելուց մինչեւ հանրակրթության ոլորտում համագործակցության հուշագիր: Դատապարտում ենք խաբեությունը, որով հանուն 2012-13-ի ընտրությունների իշխանությունները միտումնաբար թաքցրեցին գազի թանկացումը եւ կուտակեցին պարտքեր: Ողջունում ենք Հայաստանին բնական գազ մատակարարելու՝ Իրանի պատրաստակամությունը եւ պահանջում ենք ՀՀ դե ֆակտո իշխանություններից անմիջապես բանակցություններ սկսել այդ ուղղությամբ:

 

«Ժառանգությունն» իր զորակցությունը եւ համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի ժողովրդի պայքարին, բազմամիլիոնանոց հանրահավաքների մասնակիցներին:

 

«Ժառանգությունը» համարում է, որ ԵՄ-Ռուսաստան գլոբալ դիմակայության վերածվող զարգացումների մեջ ոչ թե հանգամանքները պետք է խափանեն Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը, այլ ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի, հասարակական դաշտի համախմբումն ու հետեւողական պայքարը ետ պահեն երկիրն այդ անհեռանկար միությունից եւ ուղուց:

 

«Ժառանգություն» կուսակցություն