Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուին Երևանում կդիմավորեն բողոքի ակցիաներով։ Մասնավորապես ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Հայազն» կուսակցությունը և այլ հասարակական ակտիվիստներ որպես պահանջատեր դուրս կգան բողոքի ցույցի։

 

Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ Դավութօղլուին բողոքի ցույցով դիմավորելու աշխատանքներ արդեն տարվում են։ «Այս պահին դեռևս ճշտվում են, թե որտեղ է վայրէջք լիելու, որ ճանապարհով է անցնելու, և այլն։ Հստակ ճշգրտելուց հետո արդեն կտեղեկացնենք»,-ասաց նա և նշեց, որ դուրս են գալու փողոց Թուրքիայի ԱԳ նախարին դիմավորելու՝ «Ճանաչում, հատուցում, ուրացողը տեղ չունի Հայաստանում» պահանջներով։

 

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Երևան կայցելի դեկտեմբերի 12-ին' մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին։

 

«Հայազնը» իր անելիքների մասին կտեղեկացնի ավելի ուշ՝ պաշտոնական հայտարարությամբ»,-ասաց կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը։

 

«Ժառանգություն» կուսակցությունը դեռևս հստակ չի որոշել՝ դուրս են գալու փողոց, թե՞ ոչ։ «Կքննարկենք այդ հարցը, եթե նպատակահարմար գտնենք՝ կիրականացնենք: Դեռևս որոշում չունենք»,-Tert.am-ին ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

 

«Հանրապետական» կուսակցության երիտթևը միանշանակ դուրս չի գա բողոքի ակցիայի. այս մասին մեզ հայտնեց ՀՀԿ երիտթևի նախագահ Կարեն Ավագյանը, ում նույնիսկ զարմացրեց հարցը. «Ինչո՞ւ համար: Այն շրջանակներում, որ գալիս է Դավութօղլուն, չեմ կարծում, որ բողոքի ակցիաներ կկազմակերպվեն ՀՀԿ-ի երիտասարդական միության կողմից։ Միանշանակ կարող եմ ասել, որ ոչ»։

 

Բլոգեր Տիգրան Քոչարյանը, ով հաճախ է հայտնվում հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական առցանց հակամարտության կենտրոնում, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ որպես անհատ պատրաստ է դուրս գալ փողոց, եթե բողոքի ակցիա լինի ու հիմնավորված։ «Եթե տրամաբանված պահանջներով դուրս գան, երևի ես էլ դուրս կգամ»,-ասաց նա և սեփական տեսակետը հայտնեց. «Մինչև Թուրքիան չընդունի, իր կատարած մեղքերի և հանցագործության համար պատասախան չտա, անիմաստ է նրա հետ որևէ հարաբերություններ կազմելը, մնացածը կտեսնենք»,-ասաց նա։

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն դեպքում հասարակության կողմից բողոքի ձայն հնչեցնելու անհրաժեշտություն տեսնում է, քանի որ ըստ նրա՝ ՀՀ-ի թշնամի հանդիսացող երկրին անհրաժեշտ է զգուշացնել, որ փոխի իր վարած արտաքին քաղաքականությունը։ Միաժամանակ նա վստահ է, որ քաղաքական նպատակներով այդ բողոքները որևէ բան չեն տա։

 

«Իրականությունն այն է, որ ԱԳ նախարարը Հայաստան է գալիս ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում խնդիրներ լուծելու, այլ տարածաշրջանային միջոցառման մասնակցելու, որը հաջողությամբ կարող էր անցկացվել նաև ցանկացած այլ երկրում: Այսինքն՝ բողոքել միայն Հայաստան այցի դեմ, այդքան էլ նպատակահարմար չէ զուտ քաղաքական առումով։ Մյուս կողմից էլ հասարակության պահանջը՝ դժգոհությունը Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության դեմ և հատկապես Հայաստանի նկատմամբ վարվող գործողությունների դեմ, պետք է ինչ-որ ձևով արտահայտել, որովհետև եթե Դավութօղլուի այցը կտրենք իրականում բուն նպատակից և տեղավորենք հայ-թուրքական հարաբերություների կոնտեքստում, ապա ակնհայտ է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը թշնամանական գործունեություն է իրականացնում Հայաստանի դեմ՝ փակելով սահմանները և հակաքարոզչություն տանելով տարբեր միջազգային ատյաններում՝ աջակցելով Ադրբեջանին»,-ասաց նա։

 

Քաղաքագետը կրկնեց, որ եթե չլինեն այդ ակցիաները, դա կնշանակի, որ մեր հասարակությունը, այսպես ասած՝ բնազդներից կամ ինքնապաշտպանական ֆունկցիաներից բավական թուլացել է։ «Բոլոր դեպքում ես հույս ունեմ, որ դժգոհություններ կլինեն, բայց նորից եմ ասում, քաղաքական նպատակներով որևէ բան չի տա»,-ասաց նա։