Թուրքական «Միլլիյեթ» լրատվականը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովում բյուջեի քննարկումների ընթացքում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցում իրեն ուղղված մեղադրանքներին:
Ի պատասխան իրեն քննադատող «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության պատգամավոր Թուղրուլ Թյուրքեշի հայտարարությանն առ այն,որ «Երևանում չկարողացավ հյուրանոցի առաջնամասի դռնից մտնել», Դավութօղլուն ասել է. «Աստված հոգին լուսավորի, ձեր առաջնորդը հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում, երբ մեր ազերի եղբայրները Հայաստանի դեմ էին մարտնչում, Փարիզում հանդիպեց Տեր-Պետրոսյանի հետ : Եթե դա հանցանք է, իսկ ես այդպես չեմ կարծում, ուրեմն Հայաստանի հետ մեր հանդիպումն էլ սխալ չէր»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը և հավելել, որ հայերի հետ «արդար հիշողության» շրջանակներում հանդիպելը սխալ չէ, այլ անհրաժեշտ քայլ է։
«Ով ինչ ուզում է ասի, մենք որևէ ազգի վերևից չենք նայում»,-եզրափակել է Դավութօղլուն։