Սյունիքի մարզի 25-ամյա բնակիչ Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ, և դատապարտվել տուգանքի' ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի' 100.000 ՀՀ դրամի չափով:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հունիս ամսին նա Կապանում գտնվող այգետնակում սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ:
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում: Դատարանը բավարարել է միջնորդությունը:
Դեկտեմբերի 6-ի դատավճռով՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ն.Օհանյանի նախագահությամբ, որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել հանցագործության կատարման մեջ իրեն լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը, առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարելը: Դատարանը հաշվի է առել նաև, որ ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, նախկինում արատավորված և դատապարտված չի եղել:
Տուժողը և նրա օրինական ներկայացուցիչը հայտնել են, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ չունեն և խնդրել են նրան քրեական պատասխանատվության չենթարկել:
Ի դեպ, 2013 թվականի նոյեմբերի 27-ին' ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածով սահմանված կարգով' ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը արարքի նկարագրությանը չհամապատասխանելու հիմքով, կայացվել է քրեական գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում:
Երկու օր անց քրեական գործը նոր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որն էլ նշանակել էր դատաքննություն: