Այսօր ՀՀ Վարչական դատարանը մերժել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը բողոքարկող հայցը: Ակտիվիստ Անի Կաղինյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վարչական դատարանը մերժել է, սակայն որոշման մեջ գրված չէ, թե ինչ հիմքերով:
«Մենք դիմել էինք, որպեսզի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի' հունիսի 7-ին ընդունած որոշումն անվավեր ճանաչվի, իսկ դատարանը ուղղակի մերժեց' չբերելով ոչ մի փաստարկ և հիմք, անգամ լիարժեք չէին ուսումնասիրել գործը: Պարզապես նպատակահարմար գտան, որ մերժեն»,- ասաց Անի Կաղինյանը:
Նրա խոսքով' ՀՀ դատական համակարգը կոռումպացված է ու գտնվում է կախվածության մեջ: Դա է պատճառը, որ ՀՀ վարչական դատարանի 5 հանցագործ դատավորները անվավեր ճանաչեցին գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը բողոքարկող հայցը: Ակտիվիստը նշեց նրանց անունները'նախագահող՝ դատավոր Կ. Բաղդասարյան, մասնակիցներ՝ դատավորներ Կ. Մաթևոսյան, Ա. Միրզոյան, Ա. Թովմասյան, Ա. Դարբինյան: Ըստ Անի Կաղինյանի' դատավորներից մեկն անգամ հատուկ կարծիքը չէր հայտնել, այսինքն' թեկուզ մեկը չի համարձակվել դեմ գնալ ներկայիս հանցավոր ռեժիմին:
Ակտիվիստն ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիներն ուզում էին սահմանադրական իրավունքի ճանապարհով վիճարկել այս հարցը, բայց, քանի որ Հայաստանում դատարանները հնարավորություն չունեն արդար որոշումներ կայացնելու, ուրեմն քաղաքացիները ստիպված են իրենց անհամաձայնությունը արտահայտել անհնազանդության միջոցով: Անի Կաղինյանի խոսքով' գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված' արդեն իսկ վիճակը լուրջ է. կան մարդկանց ցրտահարության դեպքեր, շատերն արդեն չեն կարողանում ջեռուցել իրենց բնակարանները:
«Ինչ-որ մի կետի վրա մարդկանց համբերությունը կհատնի, ու, ինչպես տրանսպորտի դեպքում էր, չես իմանա, թե ինչ կլինի: Մարդկանց լռությունը դեռ վերջնական չէ»,- ասաց նա' հավելելով, որ քաղաքացիական նախաձեռնությունները այլևս դատական համակարգով չեն վիճարկելու, այլ կանգնելու են իրենց իրավունքների պաշտպանությանը' մինչև վերջ: