Եմենի բնակիչ Սալեմ Այաշը համաձայնվել է իր դստերը կնության տալ պայմանով, եթե Facebook-ի իր էջը փեսայի ջանքերի շնորհիվ հավաքի միլիոն լայք. գրում է BBC-ն:
Էջը, որում Այաշը տեղադրում է իր բանաստեղծությունները, բացվել է մի քանի օր առաջ, և համացանցում դեռևս 30 հազար հետևորդ ունի:
Որոշ օգտատերեր քննադատել են եմենցու այդ որոշումը և նշել, որ նա իր աղջկա միջոցով ցանկանում է հռչակ ստանալ: Այլ օգտատերեր կարծում են, որ նրա արարքն ուշադրություն է հրավիրում ամուսնական գործարքի համար հարսնացուի համար վճարվող գլխագնի խնդրի վրա, որը շատ սուր է դրված երկրում:
Հարսնացուի հոր խոսքերով' նա որոշել է իր դստեր համար վիրտուալ գլխագին ուզել, քանի որ հասկանում է, թե որքան դժվար է երիտասարդների համար հսկայական գումար վճարել սիրելիի հետ ամուսնանալու համար: Ընդ որում, նա նշել է, որ պատրաստ է նվազեցնել նախապես սահմանված լայքերի քանակը, եթե տեսնի, որ փեսան իրոք ջանք չի խնայում պայմանը կատարելու համար:
Նշենք, որ 2013թ. հոկտեմբերին երիտասարդ փեսացուները բողոքի ակցիա էին կազմակերպել' պահանջելով, որ հարսնացուի համար վճարվող գլխագինը համարժեք լինի 1000 ԱՄՆ դոլարի, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչ հայրերն իրենց աղջիկներին չեն համաձայնվում ամուսնացնել 2500 ԱՄՆ դոլարից ոչ պակաս գլխագնով: