Կապանի բնակիչ Գավրուշ Ղազարյանը, ում թոռն այս տարվա հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել էր, գտնում է, որ ոստիկանության Կապանի բաժնի քննչական բաժանմունքի քննիչը գործը թերի է կատարել և իր թոռան մահվան պատճառ հանդիսացած Կապանի զինկոմի որդին հոր շնորհիվ մեղմ պատիժ է ստանում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատական նիստ էր տեղի ունեցել, որն անցնում էր բավականին լարված իրավիճակում: Գ. Ղազարյանի միակ հույսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է և ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ստորև ներկայացնում ենք Գ. Ղազարյանի նամակը: «Վերջերս ԶԼՄ-ներից տեղեկացա մեր ժամանակների մեծատաղանդ դերասան Վարդան Պետրոսյանի հետ կապված ողբերգական ավտովթարին:

 

Տեղեկացա նաև, որ չնայած բազմաթիվ ստորագրահավաքների ու միջնորդությունների, Վ. Պետրոսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվեց կալանքը: ՀՀ իրավապահ մարմինները հավատարիմ մնացին օրենքի տարրին: Թվում է արտառոց ոչինչ չկա' ավտովթար է տեղի ունեցել, զոհվել են մարդիկ, և մեղավորը պետք է պատասխանատվության ենթարկվի: Ահա այս ողբերգությունն է, որ ինձ ստիպեց կրկին հիշելու իմ ցավերը (թեև այն երբեք չեմ մոռանում): 2013թ. հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը Կապան քաղաքում տեղի ունեցավ ավտովթար, որի հետևանքով զոհվեց 21-ամյա թոռնիկս' Կարեն Ղազարյանը:

 

Վարորդը Կապանի զինկոմ փ/գնդապետ Լեոնիդ Գրիգորյանի որդին էր' Էմիլ Գրիգորյանը: Վթարին հաջորդել էր հանցագործությունը: Վարորդը մահամերձ Կարենիս թողել էր մայթեզրին ընկած ու դիմել փախուստի (առ այսօր մեզ հայտնի չէ, թե մեքենայում քանի հոգով էին): Կեսգիշեր էր: Կարենը միայնակ էր և անօգնական… Մայթեզրին էլ ավանդեց հոգին: Քանի դեռ մենք խելակորույս զբաղված էինք Կարենի հուղարկավորությամբ, իրավապահ մարմինները մանրամասն ճշտեցին դեպքի հանգամանքները (վարորդի խմածության աստիճանը, ավտոմեքենայի արագությունը և այլն), որի արդյունքներ մասին առ այսօր համառորեն լռում են: Մանրամասներն ու տեսանյութը՝ աղբյուր կայքում: