ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում որոշեց վարույթ ընդունել եզդիների դիմումն ընդդեմ Մանվել Բադեյանի: Եզդիները էթիկայի հանձնաժողով էին դիմել մամուլի հրապարակումների հիման վրա:
Հիշեցնենք, որ լրագրողներից մեկի՝«Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղի լեզվի վերաբերյալ հարցին Բադեյանը պատասխանել էր. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանայի, բայց դուք իսկականից ըտե՞նց եք մտածում»:

 

Այս արտահայտության համար Մանվել Բադեյանը մամուլի միջոցով եզդիներից ներողություն էր խնդրել, այնուհետև եզդիների ներկայացուցիչներին ընդունել և Բադեյանի անունից ներողություն էր խնդրել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Եզդիների ներկայացուցիչներն այսօր Էթիկայի հանձնաժողովին հայտնեցին, որ իրենց նպատակը Բադեյանից ներողություն լսելը չէ, նրանք պահանջում են, որպեսզի հանձնաժողովը քննի պատգամավորի վարքագծի հարցը, հրապարակային որոշում կայացնի, որպեսզի դա դաս լինեի նման պահվածք դրսևորող պատգամավորների համար:

 

«Եթե որևէ մեկը պատգամավորների պահվածքից վիրավորվել է, ապա կարող է գնալ դատարան, եթե կա դատական պաշտպանության հնարավորություն, ես չեմ կարծում, որ մենք դրան անդրադարձ ենք կատարում: Էթիկայի հանձնաժողովը որպես կանոն անդրադարձ է կատարում այն դեպքերին, որտեղ դատական պաշտպանության հնարավորություն չկա»,- նիստից հետո լրագրողներին ասաց Էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով պատգամավորներից ոմանց վարքի վերաբերյալ հարցին: Երբ լրագրողները նրան հարցրեցին՝ նորմա՞լ է, որ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ Ազգային ժողովում չեն կարողանում նորմալ վարքագիծ դրսևորել և պարբերաբար վիրավորում են լրագորղներին, օրինակ, նախօրեին էլ Կարեն Կարապետյանն էր լրագրողներին «կազյոլ» անվանել, Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ էթիկայի կանոնները խախտում են շատ շատերը, բայց բոլորի աչքին երևում են միայն ՀՀԿ-ականները:

 

Լրագրողները հիշեցրին, որ Սերժ Սարգսյանն էր իր կուսակիցներին հորդորել ՀՀ քաղաքացու հետ «դուք»ով խոսել, Դավիթ Հարությունյանը կրկնեց, որ շատերն են խախտումներ թույլ տալիս: Նա օրինակ բերեց երեկ տեղի ունեցածը, երբ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ականների քարտերը: «Երեկ, օրինակ, ես անթույլատրելի եմ համարում, որ քվեարկության քրտերը հավաքվեցին: Դա նման է նրան, որ ինչ-որ մեկը գնա և պատգամավորի անվադողը ծակի, նա առավոտյան աշխատանքի չներկայանա: Ինչո՞ւ դուք չեք ասում, որ դա իսկապես ամոթալի արարք է: Բայց ոչ դուք-ով դիմելը դուք համարեցիք շատ ավելի ծանր բան:

 

Ես կարծում եմ, որ դա բնական է, ես ձեզ չեմ մեղադրում, որովհետև իշխանության քայլերը միշտ շատ ավելի երևացող են հասարակության համար: Բայց այնուամենայնիվ հեռու եմ այն մտքից, որ մեր հասարակությունում միմիայն իշխանությունը ներկայացնողներն են ոչ կոռեկտ պահում իրեն, իսկ մնացած հասարակությունը կոռեկտության գագաթնակետ է: Ցավոք սրտի այդպես չէ, թե իշխանությունը, թե ընդդիմությունը բոլորս տառապում ենք նույն հիվանդությամբ, ընդհանուր մեր հասարակության հիվանդությամբ»: