Մոսկվայում դեկտեմբերի 24-ին ավարտվել է քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում փոխադարձ ազատականացման շուրջ ՀՀ և ՌԴ պետական մարմինների միջև խորհրդակցությունների փուլը:
Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների հետ քաղաքացիական ավիացիայի բնագավառում երկկողմ համագործակցության շրջանակի վերանայման շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով դեկտեմբերի 23-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվա էր մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը:
Դեկտեմբերի 24-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունում տեղի է ունեցել երկկողմ խորհրդակցություն, որի ժամանակ ռուսական կողմը նշել է դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ ռուսական ավիաուղիների բարձր հետաքրքրվածության մասին:
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Արձանագրություն, համաձայն որի կատարվել են համապատասխան փոփոխություններ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» 1993 թվականի հոկտեմբերի 4-ի Համաձայնագրի հավելվածում: Արձանագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության բնագավառում կգործի ազատությունների ավելի բարձր աստիճան, ինչը երկու երկրների ավիափոխադրողներին հնարավորություն կընձեռի ընդլայնել մատուցվող ծառայությունները: