Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը, այսօր Կառավարության դիմաց բազմամարդ բողոքի ակցիա են անցկացրել «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի խաբված բնակարանատերերը:

 

Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիներին է մոտեցել Կառավարության աշխատակիցներից մեկը և հորդորել նրանց, դիմել Ֆինանսների նախարարություն. «Մենք ցանկանում էինք հանդիպել վարչապետի հետ, սակայն Կառավարության աշխատակիցը մեզ հորդորեց հանդիպել Ֆինանսների նախարարի հետ, ով, սակայն, մասնակցում էր Կառավարության նիստին»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց բնակարանատերերից մեկը:

 

Հարցին, թե ինչ հիմնավորմամբ է Կառավարության աշխատակիցն առաջարկում դիմել Ֆինանսների նախարարություն, բնակարանատերն ասաց. «Մեզ ասացին, որ մենք գործարք ենք կատարել մասնավոր բանկի և «Տոնուսի» հետ, այնպես որ, պետք է գնանք «Արցախբանկից» կամ «Տոնուսից» պահանջենք' կամ էլ դիմենք Ֆինանսների նախարարություն: Կառավարության աշխատակիցը նշեց, որ Կառավարությունը խնդրի հետ կապ չունի, գործարքը եղել է մասնավորի հետ»,- ասաց խաբված «տոնուսցիներից» մեկը:

 

Նշենք, որ բնակարանատերերը որոշում են կայացրել բողոքի ակցիան շարունակել Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Արցախբանկի» դիմաց:

 

Հերթական անգամ Կառավարությունը նույն երգն է երգում և «լվանում ձեռքերը»: Անհասկանալի է, թե ինչպես կարող է Կառավարությունը, իր հարյուրավոր քաղաքացիների խնդրին չարձագանքել, հիմնավորելով' թե գործարքը կատարվել է մասնավոր բանկի հետ: