Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը, այսօր Կառավարության դիմաց բազմամարդ բողոքի ակցիա են անցկացրել «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի խաբված բնակարանատերերը:

 

Վերջիններիս մոտեցել է Կառավարության աշխատակիցներից մեկը և հորդորել պահանջը ներկայացնել «Արցախբանկին» և «Տոնուս» ՍՊԸ-ին: Եվ քանի որ գործարքը եղել է մասնավոր բանկի հետ, Կառավարությունը «լվացել է ձեռքերը»:

 

Բնակիչներն էլ բողոքի ակցիան որոշել են շարունակել Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Արցախբանկի» դիմաց:

 

Ինչպես տեղեկացնում է Լուրեր.com-ը, աշխատակիցները փակել են բանկի դռները, որպեսզի բնակարանատերերը չմտնեն բանկ: Բանկի անտարբերությունից զայրացած տոնուսցիները սկսել են ձվեր նետել «Արցախբանկի» պատուհաններին:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում «տոնուսցիներից» մեկը նշեց, որ «Արցախբանկը» փոշմանել է' որոշել բացել դռները:

 

Բնակարանատերերից հինգ հոգի բանկի ներսում քննարկել են խնդրի լուծման հնարավոր տարբերակները:

 

Քննարկման ավարտից հետո բնակարանատերերից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ բանկը հերթական անգամ պատասխան չունի:

 

«Նրանք նշել են, որ հարցով զբաղվում է բանկի ներկայացուցիչ Աշոտ Գոմթյանը: Բանկի աշխատակիցները զանգահարեցին նրան, բայց նա հրաժարվեց գալ: Մեզ ասացին' սպասենք մինչև հունվարի 16-ը: Նրանք մեզ փորձեցին հավաստիացնել, որ տոներից հետո անհատական հանդիպումներ կունենան բնակարանատերերի հետ և կփորձեն խնդրին լուծում տալ»,- ասաց նա:

 

Նշենք նաև, որ բնակարանատերերը չեն հավատում բանկի խոստումներին և պատրաստվում են շարունակել իրենց պայքարը ընդհուպ մինչև Բաղրամյան 26: