«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» նախաձեռնող խմբի անդամներ, ծրագրավորողներ՝ Գևորգ Գորգիսյանն ու Արսեն Մանուկյանը, իրավաբան Մարիաննա Քալիշյանը, այսօր կայացած ասուլիսին՝ ամփոփելով խմբի գործունեությունն ու վերջին 2 ամիսների արդյունքները, հանդես եկան՝ 2014-ի իրենց ծրագրերի ու նախաձեռնությունների մասին հայտարարությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով կառավարության «գազային խաղերը»' այս ամենից կարելի է հանգել միայն մեկ տրամաբանական եզրակացության. կառավարող համակարգը կրկին ընտրել է «պակասորդը քողարկելու» քաղաքականությունը, ինչպես դա արեցին գազի գնի թանկացման դեպքում, որի համար ՀՀ քաղաքացիները կուտակեցին 300 մլն ԱՄՆ դոլարի պարտք ու թանկ վճարեցին դրա դիմաց: Իրականում այս գումարով պետությունը պարզապես գնեց «ՀայՌուսգազարդի» լռությունը' ընտրությունների ժամանակահատվածում:
Այժմ, կրկնելով նույն սցենարը, ՀՀ կառավարությունը, չապահովելով խոստացված տնտեսական աճը, ցանկանում է հետաձգել վերահաս ճգնաժամը, որի համար կրկին անհրաժեշտ է պարտք վերցնել արտաքին ֆինանսական միավորներից: Նկատի ունենալով, որ մեր երկիրը արդեն իսկ ահռելի արտաքին պարտքեր ունի ինչպես ՌԴ-ին, այնպես էլ արևմտյան երկրներին, այս անգամ փորձ է արվել ներգրավել ներդրումային ֆոնդերը: Վերջիններս էլ որպես նախապայման պարտադրել են այս «Կենսաթոշակային բարեփոխումները»: Արդյունքում՝ այս կառավարող մարմինների գործելու տարիների ընթացքում չի լինի ճգնաժամ, բայց երկիրը կկուտակի նոր հսկայական ծավալների պարտքեր: Իսկ թե այս անգամ ինչպես ստիպված կլինենք փակել այդ պարտքերը, դեռևս անհայտ է»:
«Մենք երբեք դեմ չենք եղել կուտակային կենսաթոշակային համակարգ ներմուծելուն, որովհետև մենք էլ ենք գիտակցում կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը և այն առավելությունները, որ կարող է բերել ճիշտ հաշվարկված և հետևողականորեն իրականացված այս համակարգը: Բայց ակնհայտ է, որ սա այդ դեպքը չէ: Մենք դեմ ենք կոնկրետ այս օրենքին և դրա կոնկրետ կետերին»,- ասաց Արսեն Մանուկյանը՝ հավելելով, որ իրենք շատ անգամներ են բարձրաձայնել այդ օրենքում առկա բազում թերություններն ու վտանգավոր կետերը, շատ անգամներ փորձել են երկխոսության հրավիրել կառավարական բոլոր հնարավոր օղակներին, որպեսզի հայտնեն իրենց մտահոգություններն օրենքի որոշ կետերի մասին, ինչպես նաև ստանան հուզող կոնկրետ հարցերի հստակ պատասխաններ. «Սակայն մեր բոլոր քայլերն անտեսվել և նույնիսկ արհամարհվել են օրենքը սատարող կառավարական ուժերի կողմից»:
Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ իրենք շարունակելու են պայքարը, արդեն իսկ մշակված ռազմավարությամբ և գործելաոճով: «Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին միանալ մեր պայքարին. այն է' իրազեկման, բոյկոտի միջոցառումներին, բողոքի երթերին և ցույցերին, որոնց մասին նախօրոք կկատարվի լրացուցիչ իրազեկում»,- ասաց նա՝ շեշտելով, որ ՀՀ քաղաքացիները պետք է թույլ չտան, որ իրենց ներքաշեն այդ ֆինանսական «խարդախությունների» մեջ, որովհետև, ի վերջո, այդ գումարները կրկին վճարելու են իրենք և իրենց զավակները: