ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ուրբաթ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ արված մի քանի հայտարարությունների մասին Tert.am-ի հետ իրենց կարծիքներն են կիսել «Հայ ազգային կոնգրեսի» անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցության» անդամ Արծվիկ Մինասյանը և տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ նշելով, որ Կառավարության գործունեությունն անցնող տարում համարում են ձախողված։

 

Վահագն Խաչատրյանը, ելնելով հատկապես «գազային» համաձայնագրերի շուրջ վերջին իրադարձություններից, երբ, ինչպես ինքը նշեց, վարչապետը, Կառավարությունը և ամբողջ իշխանությունը հասարակությանը թյուրիմացության մեջ էին գցել և պարզապես ստախոսությամբ էին զբաղվում, իրեն թույլ չի տա լուրջ ընդունել նրանց որևէ հայտարարություն, որոնք հնչում են հատկապես մամուլի ասուլիսների ժամանակ:

 

«Նրան հարց պետք է տային ներդրումների մասին, կամ ինչպե՞ս է եղել, որ 2013թ.-ի մակրոտնտեսական ցուցանիշերի կանխատեսման մեջ էներգակիրների գների բարձրացման հարցը հաշվի չէին առել, երբ գիտեին, որ այդպես է: Այդ առումով ես հասկանում եմ, որ տարի ամփոփելու ցանկությունը, ինչպես նաև հերթական ներկայացումը լրագրողների ներկայությամբ կազմակերպելը որևէ այլ նպատակ չի հետապնդում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ստացվում է, թե Հայաստանում ամեն ինչ լավ է, բոլորի խնդիրները լուծված են, և մարդիկ թողնում գնում են լավ երկրից, ինչը, ըստ նրա, այդպես չէ:

 

Վահագն խաչատրյանի կարծիքով՝ լավ կլիներ, որ վարչապետը արդարադատության, տնտեսության մեջ տիրող օլիգարխիայի մասին ինչ-որ գնահատականներ տար և խոսեր 2014թ.-ի մասին, թե որքանով մարդիկ կարող են ներդրում անել այստեղ. «Այ սրանց մասին է, որ իրենք չեն խոսում, որովհետև 2013թ.-ը լրիվ տապալել են»:

 

Տնտեսագետը նաև նշեց, որ ՀՆԱ-ի ցածր մակարդակը, մարդկանց իրական աշխատավարձի նվազումը պատճառաբանել համաշխարհային ճգնաժամի հետ արդեն հնարավոր չէ, որովհետև համաշխարհային տնտեսությունն այս տարվա արդյունքներով բավականին հաջող տարի էր. «Այդ ամենը խոսում է այն մասին, որ Կառավարությունն ավելի շատ պետք է խոսեր իր անհաջողությունների մասին, քան չակերտավոր ձեռքբերումների»:

 

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ վարչապետի ելույթը մանրամասնություններով չի լսել, բայց ուշադիր է եղել կուտակային կենսաթոշակների հետ կապված խնդրին և «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի հարցերին վերաբերող հատվածներին:

 

Ըստ նրա՝ կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված հայտարարությամբ վարչապետը հերքեց նախագահի միտքը, ըստ որի, սերունդների համերաշխության համակարգը, ըստ էության, վերածվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի ներդրման դեպքում:

 

«Չեմ կիսում տեսակետը, որ այս մոդելը, որն առաջարկվում է, արդար է, բերում է Հայաստանի փրկությանը կամ այլընտրանք չկա: Դա այդպես չէ, միջազգային փորձն է փաստում ու նաև մեր տնտեսությամբ ձևավորված հիմնական մարտահրավերները մատնանշում են, որ մենք պետք է իրականացնենք համակարգի բարեփոխում բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրություն տալու միջոցով, և որևէ արդյունք կամ պարտադրանք չի կարող օգուտ տալ»,-ասաց նա։

 

Պատգամավորը նշեց, որ առաջարկվող համակարգն ընդամենը հերթական անգամ նվազեցնելու է քաղաքացիների եկամուտները, մղելու է արտագաղթի իր բոլոր բացասական դրսևորումներով:

 

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե «ՀայՌուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերը «Գազպրոմին» վաճառելու միջոցով հնարավոր դարձավ գազ գնել ավելի ցածր գնով, Արծվիկ Մինասյանը նշեց, որ դա նույնպես իրականությանը չի համապատասխանում:

 

«Սա որևէ կերպով չի ապացուցում կամ հիմնավորում այն փաստը, որ Հայաստանը կարող է 5 տարվա ընթացքում չփոփոխված գներով գազ ստանալ, որովհետև համաձայնագրով նախատեսված է, որ տարին առնվազն մեկ անգամ պետք է վերանայվեն գները:

 

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն իր հերթին ասաց, որ տնտեսական աճի մասին վարչապետի արձանագրած ցուցանիշերն, ըստ էության, որոշակի մեթոդաբանությամբ ստացված թվեր են, բայց բոլոր պարագաներում դրանք իրենց արտացոլումը չեն գտել հասարակության մեջ, և ոչ միայն 2013 թ-ի ընթացքում, այլ, ընդհանուր առմամբ վերջին զարգացումները բնակաչության վրա չեն թողել այն դրական ազդեցությունը, որը կարող է ամրապնդվել այդ ցուցանիշներով:

 

«Հանրապետությունում բավականաչափ մեծ են արտագաղթը, աղքատությունը, գազի սպառման հետ կապված դժվարությունները, այս երևույթի ոչ թափանցիկությունը, որի վեճը շարունակվում է, կենսաթոշակային ապահովագրության պարտադիր ինստիտուտի ապահովագրումը կրկին իր հետ բերեց բացասական երևույթներ։ Ինչպես նաև տարբեր միություներում դեգերելը, այսինքն՝ դժվարությամբ ենք հասականում, որ միությունը մեզ համար նպատակահարմար կլինի»,-ասաց նա։