ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ներկայացվեցին «Անշարժ գույքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ նախագծի վերաբերյալ նախարարության մոտեցումները:Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված' «Գույքահարկի հարկման համա­ կարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից:

 

Անշարժ գույքի հարկի ներդրման նպատակը հողի հարկով եւ գույքահարկով հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, գույքահարկի եւ հողի հարկի մասով հարկային հաշվետվությունների վերա­ցու­մը, հարկման բազաների ճշգրտումը եւ համակարգի վարչարարության պարզեցումը: Նախագծով մասնավորապես առաջարկվում է հողամասերը եւ դրանց վրա կառուցված շինու­թ­յուն­ները ընդունել որպես միասնական հարկման օբյեկտ եւ դրանց համար սահմանել միաս­նական հարկ, ինչպես նաեւ' անշարժ գույքի հարկը սահմանել որպես ՀՀ համայնք­ների բյուջեներ վճարվող տեղական հարկ եւ որպես դրույքաչափեր սահմանել ներկայիս գործող հողի հարկի եւ գույքա­հար­կի դրույքաչափերը:

 

Փոխվարչապետը նախագիծը համարեց ոլորտին վերաբերող բարեփոխումների առաջին փուլը, որով գործընթացն ավելի դյուրին է դառնում, կրճատվում է հաշվետվությունների թիվը: Հետագա տարիներին ոլորտի կատարելագործմանն ու պարզեցմանն ուղղված բարեփոխումները կշարունակվեն: Նա կարեւոր համարեց որոշակի խմբերի (անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող հարկ վճարողների, համայնքում գործարարությունը խթանելու նպատակով ներդրումային ծրագրեր իրականացնող սուբյեկտների) համար օրենքով արտոնությունների տրամադրման ամրագրումը եւ հանձնարարեց դրա վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնել հեղինակներին:

 

Փոխվարչապետը նաեւ հանձնարարեց 2014թ. ընթացքում համապատասխան աշխատանքներ իրականացնել' համայնքներին սպասվող փոփոխություններին նախապատրաստելու համար, ինչպես նաեւ թեման ընդգրկել համայնքային ծառայողների համար նախատեսված վերապատրաստման ծրագրերում: