Ինչպես արդեն հայտնել ենք, «Փյունիկի» գլխավոր մարզիչ է նշանակվել նախկինում հայտնի ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը: Նա «Փյունիկի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասաց հետևյալը.
- Ինձ համար շատ մեծ պատիվ է աշխատել «Փյունիկում»: Շնորհակալ եմ ղեկավարությանը՝ նման վստահության համար: Ես երկար տարիներ պաշտպանել եմ իմ հարազատ ակումբի պատիվը, որպես ֆուտբոլիստ, այժմ կատարելու եմ գլխավոր մարզչի պարտականությունները: Ինչպիսի նվիրումով ես խաղացել եմ «Փյունիկում» և ազգային հավաքականում, այնպես էլ աշխատելու եմ որպես մարզիչ:
Ճիշտ է, հիմա «Փյունիկն» իր համար անսովոր տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում, սակայն միասնական ուժերով մենք կփորձենք դուրս գալ առաջատար դիրքեր: Դրա համար ակումբն ունի համապատասխան ներուժ:
Օգտվելով առիթից' ցանկանում եմ շնորհավորել մեր բոլորիս Ամանորն ու Սուրբ ծննունդը: Ցանկանում եմ առողջություն և խաղաղություն, իսկ մեր հայկական ֆուտբոլին հաղթանակներ միջազգային ասպարեզում, ֆուտբոլիստներին՝ առանց վնասվածքների ելույթներ: