Հանրապետության քիչ թե շատ հայտնի սուպերմարկետների մեծ մասում այսօր մինչև օրվա երկրորդ կեսը հնարավոր չէր ձու գտնել: Մասիսից ևս հայտնեցին, որ խանութներում ձու չկա:

Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը օրերս հայտնել էր, որ նախատոնական օրերին չի սպառնում հավկիթի դեֆիցիտ:

«Մեր տեղական արտադրության ծավալները մեզ կբավարարեն»,- նշել էր նախարարը:

Նշվում էր, որ ներկրված վառեկների 30%-ի ձվատվությունը կսկսվի նոյեմբերից, 60%-ը կձվարկեն դեկտեմբերի սկզբից, ինչի շնորհիվ ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ից ձվի օրական արտադրությունը կավելանա 70 հազարով, իսկ դեկտեմբերի սկզբից' արդեն 190-200 հազարով և կհասնի 950-955 հազարի: Դա պետք է հնարավորություն ընձեռեր օրական սպառումից ավելի քան 200 հազարով ավել ձու արտադրել, որի շնորհիվ ամբողջությամբ ապահովել ամանորյա տոների համար անհրաժեշտ ձվի ողջ պահանջարկը:

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում «ՀՀ թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանը ևս նման հավաստիացում էր տվել, ասելով. «Ես լիազորված եմ մեր բոլոր արտադրողների կողմից հայտարարելու, որ մենք 2013 թվականի դեկտեմբերին լուրջ դեֆիցիտ չենք ունենա, և շուկայում ձվի գին չի բարձրանալու»։

Tert.am-ը կապվեց Գյուղնախարարության անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի հետ, ով հայտնեց, որ մայրաքաղաքի մի շարք խանութներ օրվա երկրորդ կեսին՝ ժամը երեքից հետո համալրվել են:

«Ձուն արագ սպառվում է, և ֆաբրիկաները չեն հասցնում, առավոտյան խնդիրներ կային, որովհետև մեքենաները սառած էին, մոտ երեք–չորս ժամ մատակարարումն ուշացրին, քանի որ դիզվառելիքի, յուղի հետ կապված խնդիրներ կային»,-ասաց Աշոտ Հովհաննիսյանը:

Նա արդեն անձամբ հասցրել է լինել մի շարք խանութներում և համոզվել, որ ժամը 2,30 -3-ի սահմաններում որոշ խանութների ձու մատակարարել են:

Նրա խոսքով՝ օրական ֆաբրիկաները արտադրում են 900 հազար հատ ձու, որն էլ սպառվում է: