«Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթը հայտարարել է, որ Թուրքիայի ներսում ստեղծվել են կառույցներ, որոնք, ըստ էության, պետություն են պետության մեջ: Նա մատնանշել է հատկապես Ֆեթհուլլահ Գյուլենի համայնքը՝ չմոռանալով հայկական, հունականն և իսրայելական լոբբիի մասին:
Հոզաթի կարծիքով այդ կառույցների հարաբերությունները, որոնց նա անվանում է զուգահեռ պետություններ, հիմնված են նրանց միավորող լուրջ շահի վրա: «Այդ զուգահեռ պետությունները չունեն պաշտոնական սահմանդրություն, արտաքուստ թվում է, թե զորք էլ չունեն, սակայն նրանք ավելի հզոր և կազմակերպված ուժ ունեն:
ՆԱՏՕ-ի աջակցությունը ստացող գյուլենական համայնքը և վերոնշյալ լոբբիստական ուժերը ապօրինի պետություն են ստեղծում: Հիմնական նպատակն է խոչընդոտել Թուրքիայի ժողովրդականացմանը »,- Հոզաթի կարծիքը մեջբերել է թուրքական «T24» լրատվական կայքը:
«Ռադիքալ » թերթի սյունակագիր Էդվարդ Դանզիկյանը, Հոզաթի մեղադրանքներին անդրադառնալով, հիշեցրել է, որ ժամանակին նմանատիպ կարծիք էր արտահայտել նաև քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջլանը, ինչն արժանացել էր հայ համայնքի քննադատությանը: Դանզիկյանը նշել է, որ եթե հայկական և հունական լոբբիները «զուգահեռ պետության» հետ միասին են գործում և դրա մասին հայտարարվում է բացեիբաց, ապա իրենք մանրամասներ են ցանկանում իմանալ: «Ուրախ կլինենք, եթե իրենք ներկայացնեն բոլոր տեղեկություններն ու փաստերը, որ ունեն, քանի որ չափազանց ծանր մեղադրանքներ են հնչեցվում: Իսկ եթե այդ ամենը ասվում է, որպես մի համոզմունք, ապա, ցավոք, դա միայն կավելացնի հասարակության որոշ շերտերում հայերի հանդեպ առկա ատելությունը»:
Դանզիկյանը նշել է նաև, որ հասարակության մեջ տարբեր ուժերի միջև բախումներում փոքրամասնություններին քավության նոխազ դարձնելը հուսահատություն է առաջացնում: