67-ամյա Լուսիկ Վարդանյանն, ով բնակվում է Ախուրյանում՝ հացի գործարանի թաղամասում, ապրում է շատ թշվառ պայմաններում: Տարեց կնոջ ոչ բարեկեցիկ կենսակերպի վերաբերյալ ինձ տեղեկացրել էր նրա հարազատներից մեկը եւ խնդրել զրուցել տիկին Լուսիկի հետ: Տիկինն, ով երկրաշարժից հետո հաշմանդամ է դարձել, այժմ հիվանդ է ու միայնակ բնակվում է վաղուց արդեն բնակության համար ոչ պիտանի վագոն-տնակում: Օգնության եւ ուշադրության կարիք ունեցող այս կնոջ տնակում ձմռան ամիսներին շատ ցուրտ է, տիկին Լուսիկը հազիվ է կարողանում փոքր-ինչ տաքություն ապահովել. վառելափայտը չի բավականացնում տնակը տաքացնելու համար, իսկ կոմունալ-կենցաղային պայմանները շատ վատն են:

 

Տիկինը Նոր տարում եւս տխուր է եղել, քանի որ, իր խոսքով ասած' մեկ տարով էլ է ծերացել: «Ամանորը միայնակ եմ դիմավորել: Ում որ հարկավոր էր, թող գար ինձ տեսներ, ես հիմնականում տնակից դուրս չեմ եկել»:

 

Տիկին Լուսիկը մինչ երկրաշարժը բնակվել է հայրական օջախում, առանձին բնակարան չի ունեցել: Երբ երկրաշարժի հետեւանքով իրենց տունը փլվել էր, նրան Ախուրյանում բնակության համար մի տնակ են հատկացրել: Հետագայում՝ Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանը տիկնոջը Մարալիկում բնակարան էր նվիրաբերել, սակայն տիկին Լուսիկը չէր գնացել այնտեղ բնակվելու, քանի որ Ախուրյանում միջավայրն արդեն իրեն ծանոթ էր, հարեւանները՝ եւս:

 

Միայնակ բնակվող տարեց կինն ասում է, որ միայնակ ապրելն իր համար անթույլատրելի է, քանի որ վատառողջ է. ունի սրտի եւ հոգեկան հիվանդութուններ, դժվարանում է տեղաշարժվել, դեղեր է օգտագործում, իսկ երբեմն դրանց օգտագործման հետեւանքով ալերգիաների մեջ է ընկնում: «Դժվարանում եմ տեղաշարժվել, քանի որ ժամանակին ինքնասպանության փորձի հետեւանքով աջ ոտքս ամբողջովին փշրվել էր, բժիշկներին չէր հաջողվել այն վերականգնել:

 

Հոգեբուժարանում էլ շատ տանջանքներ եմ կրել. բժիշկներն անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում հիվանդների նկատմամբ, անգամ՝ ծեծի ենթարկում: Ես դժոխքն իրական կյանքում եմ տեսել, մահվանից հետո՝ երեւի չտեսնեմ»,-ասում է տիկին Լուսիկը:

 

Այժմ տարեց կնոջը որոշ չափով ֆինանսապես օգնում են իր հարազատները, Հայ կաթողիկե եկեղեցին, սակայն դա շատ քիչ է, որ վերջինս նորմալ սնվի, իսկ արագ ապաքինվելու համար նրան ուժեղ սնունդ է հարկավոր: Եղել են դեպքեր, երբ նա օգնության խնդրանքով դիմել է նաեւ այլ անձանց, սակայն մերժում է ստացել: «Ասացի, որ հաշմանդամ եմ, չեմ կարող աշխատել: Ինձ առաջարկում էին աշխատել, այն դեպքում, երբ առողջ մարդիկ գործ չունեն:

 

Թոշակով եւ նպաստով եմ գոյատեւում, գոնե ինձ ամսական 5000-10000 դրամով օգնեին, մի քիչ նորմալ սնվեի»,-իր վրդովմունքն է արտահայտում տիկինը:

 

Նշենք, որ տիկին Լուսիկը բանաստեղծուհի է, գիշերները հիմնականում չի քնում, ստեղծագործում է: Գյումրիում վաճառվել է նրա «Հրաբխվող սիրտ» ժողովածուն:

 

«Ժամանակին տպագրվել է իմ բանաստեղծությունների ժողովածուն, որի համար շնորհակալ եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանին, ով ինձ աջակցեց այդ հարցում»,-պատմում է զրուցակիցս:



Անահիտ Սիմոնյան