Ջորջիո Վազարիի «Խորհրդավոր ընթրիքը» 47 տարվա ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է, գրում է Գեթիի հիմնադրամի պաշտոնական կայքը:

 

Մի քանի տասնամյակների ընթացքում նկարը ոչ ոքի չի ցուցադրվել, քանի որ այն վնասվել էր 1966 թվականին Ֆլորենցիայում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով: Այդ ժամանակ «Խորհրդավոր ընթրիքը» ջրի տակ էր մնացել մոտ 12 ժամ, ինչն էլ իր ազդեցությունն էր թողել նկարի վրա:

 

Ջրհեղեղից անմիջապես հետո նկարը չեն վերականգնել՝ վախենալով էլ ավելի վնասել ստեղծագործությունը: Մասնագետները կարծում էին, որ իրենց չի հաջողվի փրկել փայտե պանելները, քանի որ ջրի տակ երկար մնալու արդյունքում ներկը դրանց վրայից սկսել էր թափվել: Այդ պատճառով հինգ պանելները, որոնց վրա ստեղծվել է «Խորհրդավոր ընթրիքը», բաժանել են և պահել առանձին՝ հույս ունենալով, որ տեխնոլոգիաների զարգացումը տարիներ անց թույլ կտա ավելի լավ վերականգնել նկարը:

 

Աշխատանքները սկսվել էին 2010 թվականին, երբ Գեթիի հիմնադրամը Opificio delle Pietre Dure լաբորատորիայի մասնագետներին 400 հազար դոլարի չափով դրամաշնորհ է տրամադրել: Ինչպես գրում է New York Times-ը, սկսելով աշխատանքները՝ ռեստավրատորները նկատել են, որ նկարի վիճակը շատ ավելի լավ է, քան իրենք ակնկալում էին: Նրանք հաշվարկել են, որ անվերադարձ կորսվել է նկարի մոտ 20-ից 30 տոկոսը, սակայն դրա ամենակարևոր հատվածները բավական լավ են պահպանվել (օրինակ՝ Հիսուս Քրիստոսի դեմքը):

 

Ակնկալվում է, որ Ջորջիո Վազարիի նկարի վերականգնումը կավարտվի 2016 թվականին: Դրանից հետո այն կներկայացվի ֆլորենսիական Սանտա-Կրոչեի թանգարանում:

 

menq.org