Մեծարենց Միսաք Կարապետի (իսկական ազգանունը՝ Մեծատուրյան, ծնվել է 1886թ.-ի հունվարին` Խարբերդի Բինկյան գյուղում (Արևմտյան Հայաստան, Ակն քաղաքին մերձ)–22.6.1908, Կ.Պոլիս), հայ բանաստեղծ։

 

Ծնվել է առևտրականի ընտանիքում, սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում, ապա՝ Սվազի Արամյան դպրոցում (1894-96) և Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում (1896-1901)։ 1902–ին ընտանիքի հետ տեղափոխվել Կ.Պոլիս, որտեղ մինչև 1905–ը սովորել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում։ Ուսումն ընդհատել է սաստկացող հիվանդության պատճառով։
Գրել սկսել է 1901–ից։ 1903–ից տպագրվել է պարբերական մամուլում։ Աշխատակցել է արևմտահայ շատ հրատարակությունների՝ «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ», «Լույս», «Սուրհանդակ», «Մանզումեի էֆքյար», «Բյուզանդիոն»։

 

Աշակերտական տարիներին չափածո փորձերը հավաքել է «Բաբախումներ» ձեռագիր տետրում։ Կենդանության օրոք, 1907–ին, Կ.Պոլսում լույս է տեսել Մեծարենցի բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ծիածան», «Նոր տաղեր»։ Ուսումնառության տարիներին Մեծարենցը ծանոթանում է հայոց պատմությանը, հայ և համաշխարային գրականությանը, սովորում է ֆրանսերեն և անգլերեն։ Բայց նրան վիճակված չէր ավարտել Կեդրոնական վարժարանը։ 1905 թվականին հիվանդության վատթարացման պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս ընդհատել ուսումը... Մահացու հիվանդության՝ թոքախտի նշանները երևացել են դեռ տարիներ առաջ։ Պատճառը եղել էր ճակատագրական մի դեպք։

 

Սվազում մի խումբ տղաներ, շփոթելով իրենց թշնամիների հետ, թիկունքից դանակահարում են նրան։ Հարձակման հանկարծակիությունը, մանավանդ արյան տեսքը շատ են վախեցնում երկչոտ տղային։ «Ամեն խնամք ու ջանք թափեցավ՝ զինքը հիմնապես դարմանելու համար արագորեն,-վկայում է հուշագիրը,-բայց այդ սարսափը տեղավորվել էր իր արբունքին հասած տարիներուն, պիտի ընդլայնվեր ու փոխակերպվեր թոքախտի՝ Միսաք Մեծարենց բանաստեղծին կյանքը կարճելով»։ Հիվանդությունը գնալով խորանում է։ Հարազատները, բարեկամները, ընկերները ամեն ջանք գործ են դնում պատանի բանաստեղծին փրկելու համար, սակայն ապարդյուն։ Մահացել է թոքախտից, 1908-ին։

 

Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։

 

Մեծարենցը իր մի շարք երկերում կերտել է արևմտահայ գյուղի կյանքի և աշխատանքի հովերգական պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը», «Տկճորին երգը»)։

 

***

Երազի օրեր

 

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։

 

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։

 

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն։

 

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։