Դերասան Հայկ Մարությանը՝ «կարգին» Հայկոն, կարևոր գործերի պատճառով չի մասնակցի պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ վաղը կայանալիք հանրահավաքին, բայց, միանշանակ, սատարում է այդ պայքարին:

 

«Հայաստանում եմ, բայց գործեր ունեմ, դժվար թե հասցնեմ, դրա համար չեմ մասնակցի, բայց, բնականաբար, սատարում եմ պայքարին: Անգամ այդ կուտակային ֆոնդերը միջազգային պրակտիկայում մասամբ կամավոր են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Վերջինիս խոսքով՝ անգամ զարգացած երկրներում ոչ ոք ոչ մի երաշխիք չունի, որ իր կուտակած գումարները ետ կստանա: Եվ այդ երկրներում բազմաթիվ մարդիկ անգամ կամավոր չեն կուտակում: Իսկ Հայաստանի պարագայում այդ անվստահությունը մի քանի անգամ բազմապատկվում է: «Այդ ֆոնդերը կարող են քանդվել, այրվել, շվեյցարական քանի՞ բանկ քանդվեց»,-ասաց Հայկ Մարությանը:

 

Դերասան Հովհաննես Ազոյանն էլ հրաժարվեց տեղեկացնել՝ ինքը կմասնակցի՞ հանրահավաքին, թե՞ ոչ՝ խորհուրդ տալով սպասել մինչև վաղը: