Քեզ, Հայ Լեզո՛ւ, կը սիրեմ մըրգաստանի մը նըման...
Մեր անցեալին թանձրախիտ ստուերներուն մէջ կարծես
Մէյ մէկ պըտուղ՝ քու բոլոր բառերդ ինծի կ՚երեւան,
Որոնց մեջէն կը քալեմ ու կը քաղե՜մ զանոնք ես...։
Մրգաստանի՛ մը նըման կը սիրեմ քեզ, Հայ Լեզո՛ւ...
Մեր հայրենի պալատէն, պարտէզներէն մընացորդ՝
Դալարագեղ դուն պուրա՜կ, որ դիմացար դարերու
Եվ կը մընաս միշտ առոյգ, հին ավիշով կենսայորդ...։
Ծառերուդ մէջ հովանուտ կ՚երթամ խինդով մ՚անսահման,
Արմատներուդ, ճիվղերուդ վրայ նայելով հիացիկ,
Զարմանալով թէ ի՞նչպէս դուն մընացիր՝ երբ սաստիկ
Քամին քու շուրջըդ փըչեց եւ տապալեց ամէն բան...։
Մէյ մէկ պըտուղ գոյնըզգոյն՝ բոլոր բառե՛րըդ ահա,
Հիվթե՜ղ բառերըդ՝ զոր որքա՜ն հասունցուցին արեւներ,
Բառե՛րըդ որքան այս պահուս շըրթանցս վրայ եմ բռներ,
Բառերըդ որ քիմքըս կ՚օծեն եւ կ՚սփոփե՜ն սիրտս հիմա...։
Վահան Թեքեյան
Բանաստեղծ Վահան Թեքեյանը ծնվել է 1878 թ հունվարի 21-ին Կ. Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896թ որպես առևտրական պաշտոնյա մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում է Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։
Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ. Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թվականին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Սակայն գրական-մանկավարժական կյանքը, ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կենտրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքն, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև իր կյանքի վերջը խմբագրում է «Արև» օրաթերթը։