«Ժնև 2» համաժողովը անցնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գլխավորությամբ և իր հովանու ներքո, որին, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնակցում են անվտանգության խորհրդի մշտական անդամները, G20-ի երկրները, ինչպես նաև դոնոր երկրները:

 

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում այս տարածաշրջանի համար կարևոր համաժողովին, որի ընթացքում պետք է քննարկվի Սիրիայի հարցը, նախարարը պատասխանեց. «Մի քանի հարցումներ են եղել այդ կապակցությամբ ՄԱԿ-ում մեր ներկայացուցչին, և իրենք բացատրությունը տվեցին, թե ով է հրավիրված: «Ժնև 2»-ով սկսվում է գործընթաց, և մենք մեծ ակնկալիքներ ունենք, ինչպես նաև միջազգային հանրությունը: Կարծում եմ, որ համաժողովը շարունակություն կունենա և կբերի հարցերի լուծման»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել հարցադրմամբ, թե ինչու Հայաստանը չկա Սիրիայի հարցով բանակցությունների մասնակից 39 երկրների թվում։