Ղրիմը դուրս է գալիս Ուկրաինայի կազմից: Հօգուտ այս որոշման քվեարկել են Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի 81 պատգամավորներից 78-ը. հայտնում է e-news.in.ua կայքը: Ղրիմի Գերագույն խորհրդի մամուլի ծառայության տարածած հայատարարության մեջ նշվում է, որ երկրում տիրող իրավիճակի պատասխանատուն ընդդիմությունն է:
«...Դա մի խումբ քաղաքական սադրիչների' Կլիչկո, Յացենյուկ, Տյագնիբոկ, իշխանական նկրտումների համար չափազանց բարձր գին է: Նրանք, քողարկվելով ուկրաինական ժողովրդի շահերով եւ իբր գործելով նրա անունից, անցել են թույլատրելիի սահմանը' արյունահեղություն սանձազերծելով»,- նշում են պատգամավորները:
Նրանք համարում են, որ Կիեւի կենտրոնը գրավել են ծայրահեղականները, եւ արյունալի իրադարձությունների պատասխանատվությունն ընկնում է «Եվրամայդանի» ղեկավարների վրա, որոնց աջակցում են «եվրաբյուրոկրատները»' ընդդեմ Ռուսաստանի:
Պատգամավորները երկյուղում են, որ Ղրիմը «բռնի մայդանացման» զոհ կդառնա եւ կկորցնի ինքնավարության ու կարգավիճակի բոլոր նվաճումները, նաեւ հայտարարում են, որ երբեք Ղրիմը չեն հանձնի ծայրահեղականներին ու նեոնացիստներին, երբեք չեն մասնակցի ոչ լեգիտիմ ընտրությունների, չեն ապրի «բանդերովյան» Ուկրաինայում: «Եվ այդ ժամանակ կդնենք Ղրիմի' Ուկրաինայի կազմից դուրս գալու հարցը»,- ասվում է հայտարարության մեջ: