Օձունի բնակիչ Գրիգոր Ղազարյանը մեղավոր է ճանաչվել նախկին կնոջը ծեծելու համար և դատապարտվել տուգանքի' նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկի' 60.000 ՀՀ դրամի չափով: Ղազարյանի հարվածների հետեւանքով նախկին կնոջ առողջությանը պատճառվել էր թեթև վնաս:
Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 7-ին' ժամը 11-ի սահմաններում. Օձուն գյուղում գտնվող իր տան բակում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Ղազարյանը դիտավորությամբ փայտով հարվածել է կնոջ' Ռիտա Ղազարյանի ձեռքին, որի հետևանքով վերջինս ստացել է առողջության թեթև վնաս' առողջության կարճատև քայքայումով:
Ամբաստանյալ Գրիգոր Ղազարյանը դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել, որ ինքը փաստացի բաժանվել է իր կնոջից' Ռիտա Ղազարյանից և բնակվում է եղբոր ընտանիքի հետ: Նույն տան տարբեր սենյակում բնակվում է նաև Ռիտա Ղազարյանը' իրենց երեխաների հետ: 2013 թվականի հոկտեմբերի 7-ին իր եղբոր' հետ եղել է տանը, երբ լսել են, որ Ռիտան դրսում վիճաբանում է Արմենի կնոջ' Թերեզա Բարսեղյանի հետ' ասելով, թե իր բացակայության ժամանակ տան դռան փականը ջարդվել է, իբր, մտնում են տուն և իրերը խառնում: Նախկին ամուսինը Ռիտային ասել է «ով մտել է տուն, նրա ամեն ինչը, ով շառ է անում նրա ամեն ինչը»: Ռիտան սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ իր հանգուցյալ մոր հասցեին և վառելափայտի կտորներ նետել իր ուղղությամբ: Այդ փայտերից մեկը ինքը ետ է շպրտել նրա վրա, որը ընկել է նրա ոտքերի մոտ և այն չէր կարող վնասել նրա ձեռքը: Վառելափայտը Ռիտայի ուղղությամբ շպրտելու ժամանակ իրենց երկու տարեկան երեխան եղել է նրա գրկին և ինքը փայտը այնպես չէր նետի, որ երեխային դիպչելու վտանգ լիներ: Ինքը Ռիտա Ղազարյանին նրա կողմից նշված կացինի պոչով դիտավորյալ չի հարվածել և նրան մարմնական վնասվածք չի պատճառել:
Ըստ ամբաստանյալի, տուժողն իրեն անհիմն մեղադրում է և իր նկատմամբ թշնամաբար է տրամադրված, քանի որ ինքը դիմել է դատարան Ռիտա Ղազարյանին իրենց բնակարանից վտարելու պահանջով: Ամբաստանյալը նշել է նաև, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել ոչ թե առաջադրված մեղադրանքում, այլ այն բանի համար, որ վիճաբանության ժամանակ տնից դուրս է եկել և Ռիտայի հետ վեճի մեջ մտել: Երբ իր պաշտպանը բացատրել է, որ տնից դուրս գալը հանցանք չէ, ինքը հասկացել է, որ մեղավորություն չունի: Ինքը իր հեռախոսով տեսագրել և ձայնագրել է իրենց վիճաբանությունը, որտեղ երևում է, թե ինչպես է Ռիտան փայտեր նետում դեպի իրեն և լսվում նրա տված հայհոյանքները:
Նշենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Գրիգոր Ղազարյանն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել և խոստովանական ցուցմունքներ տվել այն մասին, որ 2005 թվականին ամուսնացել է Ռիտա Ղազարյանի հետ և միասին բնակվել են Օձուն գյուղում իր հայրական տանը։ Նրա անհաշտ բնավորության պատճառով կենցաղային հարցերի շուրջ հաճախակի վիճաբանել են: 2013 թվականի մարտի 06-ին հերթական վեճից հետո հեռացել է նրանից: Ռիտան այժմ բնակվում է նույն տանը տարբեր սենյակում: Ինքը դիմել է դատարան իրենց բնակարանից' նրան վտարելու պահանջով: 2013 թվականի հոկտեմբերի 07-ին' ժամը 11-ի սահմաններում, լսելով բերք քաղելու պատճառով միմյանց հետ վիճաբանող իր կնոջ Ռիտա Ղազարյանի և եղբոր կնոջ Թերեզա Բարսեղյանի վիճաբանության ձայները, միջամտել է վիճաբանությանը և փորձել է կնոջը հանգստացնել։
Սակայն, երբ նա իր հանգուցյալ մոր հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանք, ինքը զայրացել է ու փայտ է նետել նրա ուղղությամբ, որը դիպել է նրա ձախ ձեռքին։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը' նախագահությամբ դատավոր Ս. Բաղդասարյանի, 2014 թվականի հունվարի 20-ի դատավճռով արժանահավատ է համարել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները՝ դրանք համապատասխանում են նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված հավաստի ապացույցներով հաստատված գործի փաստական տվյալներին:
Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ ամբաստանյալ Գրիգոր Ղազարյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին ունի 3 անչափահաս երեխաներ, նրա կողմից հանցավոր արաքի կատարումը պայմանավորված է եղել տուժողի հակաբարոյական վարքագծով:
Սոնա Մաշուրյան