Տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն այսօր չէին կարողանում ընդհանուր լեզու գտնել։
Բանավեճը «Իրավաբանական անձանց պետական գրանցման» օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ էր։ Փոխնախարարի առաջարկով' իրավաբանական անձը մինչեւ չկատարի իր հարկային պարտավորությունները, իրավունք չունի հաշվառումից դուրս գալ. «Խոսքը գնում է, ամեն դեպքում բիզնեսով զբաղվողի մասին, կարող է 3 հատ պերաշկի լինի, ընդունում եմ, կարող է' 1 մլն դոլար լինի»:
Վարդան Այվազյանը հակադարձում է՝ ասելով, որ փոքր ձեռնարկատերերին պետք է հնարավորություն տալ, որպեսզի նա ազատվի հարկային պարտավորություններից՝ հաշվառումից դուրս գալու մասին դիմումը գրելուց անմիջապես հետո. «Ես ավելի շահագրգռված եմ երեք հատ պերաշկի սարքողիս պաշտպանել մինչեւ վերեւ, դուք 1 մլն դոլարի մասին եք խոսում: 1 մլն դոլարի շրջանառություն ունեցողը չի կարող անհատ ձեռնարկատեր լինել, խոսքը վերաբերում է պերաշկի թխողներին»:
Վարդան Այվազյանը սկզբունքորեն անընդունելի համարեց Արդարադատության փոխնախարարի ներկայացրած նախագիծը. «Փոքրիկ, ամենավերջին խղճուկ աշխատողների մասին է խոսքը գնում, ոչ թե մեկ կամ երկու մլն ունեցողների մասին է խոսքը: Սա անհատ ձեռնարկատերերի մասին է»:
«Ներողություն, մենք կարծես թե թյուր պատկերացում ունենք անհատ ձեռնարկատերերի մասին»,- ասում է Արամ Օրբելյանը: «Դե դու քո պատկերացումներն ասա»,- առաջարկում է Այվազյանը: «Անհատ ձեռնարկատերը դա բիզնեսով զբաղվելու տարբերակներից մեկն է»՝ պարզաբանեց Օրբելյանն ու….սկսվեց վեճ:
Պատգամավորների դիտարկումներից փոխնախարարն ավելի վրդովվեց։
Նիստն ավարտվեց փոխզիջմամբ. որոշվեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման» օրենքում առաջարկվող փոփոխությունները քննարկել ԱԺ առաջիկա քառօրյայում:
Տեսանյութը` Ա1+-ի: