Գյումրու «Ժուռնալիսների «Ասպարեզ ակումբում» փետրվարի 2-ին տեղի ունեցավ «Կորսված վաշտը» հուշամատյանի շնորհանդեսը: Հուշամատյանում տեղ են գտել Շիրակի մարզի համայնքներից բանակ զորակոչված, կամ պայմանագրային ծառայության մեկնած այն զինվորների մասին տեղեկություններ, ովքեր մահացել են զանազան հանգամանքներում. սահամանային միջադեպեր, առողջական խնդիրներ, դիվերսիոն հարձակումներ, հրազենի և զինամթերքի սխալ oգտագործում, սպանություններ, ինքնասպանություններ, վթարներ և այլն:
«Մեկ տարի շարունակ մեր կազմակերպությունը, այցելելով մարզի 119 համայնքներ, համայնքապետարաններ, զինկոմիսարիատներ, զրուցելով համայքների բնակիչների հետ, փորձել է պարզել այն տեղեկությունները, որոնք կապված են 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարից հետո բանակում տեղի ունեցած ամենատարբեր իրավիճակներում մահացած, սպանված կամ ինքնասպանություն գործած, դիվերսիոն հարձակումների հետևանքով զոհված զինվորների մասին:
Նման հետազոտություն առաջին անգամ է իրականացվում Հայաստանում: Փաստացի մեր, ծրագրի շրջանակներ ում Շիրակի մարզում իրավաբաններին և իրենց օգնականներին հաջողվել է գտնել և այցելել 93 ընտանիքի, թեև ամենատարբեր տեղեկությունների, ցուցակների համադրումներով 1994 թվականի մայիսի 12-ից հետո Շիրակի մարզից զոհվել է 220-225 զինվորական՝ տարբեր պատճառներով: Նրանց 15 տոկոսը զոհ է դարձել հրադադարի խախտման կամ դիվերսիոն հարձակումների հետևանքով, մնացած բոլոր դեպքերը տարբեր իրադրությունների հետևանքով արձանագրված դժբախտություններն են' սկսած այն բանից, որ զինվորն արձակուրդ եղած ժամանակ տանը սրտի կաթված է ստացել, վերջացրած ինքնասպանության դե պքերից»,-նշեց նախաձեռության հեղինակ Լևոն Բարսեղյանը:
Հուշամատյանը լույս է տեսել «Պաշտպանենք զինվորների իրավունքերը» ծրագրի շրջանակներում՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի օժանդակությամբ 1000 տպաքանկով: Գրքի վերջում կցված աղյուսակում ներկայացված են տեղեկություններ մահացած զինվոր ծննդյան տվյալների, ծննդավայրի, զորակոչման, զորամասի, մահվան կամ անհայտ կորչելու վայրի, մահվան օրվա, մահվան պաշտոնական պատճառների, տեղեկության աղբյուրի մասին: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ են կատարվել նաև Արագածոտնի և Արմավիրի մարզերում: